«Հայաստանը չի հրաժարվում սադրանքներից». Բայրամով

«Հայաստանը չի հրաժարվում սադրանքներից», - այսօր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Միշել Սիսոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

 

«Չնայած Ադրբեջանի կողմից ձեռնարկվող խաղաղարար ջանքերին, Հայաստանը շարունակում է սադրանքների դիմել», - APA գործակալության փոխանցմամբ` պնդել է ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը։ Բայրամովի խոսքով «Հայաստանը չնայած ստանձնած պարտավորություններին, շարունակում է ականային վտանգներ ստեղծել»։

 

Ադրբեջանը շարունակում է միջազգային հարթակներում, տարբեր ամբիոններից բարձրագոչ հայտարարություններ անել իրենց երկրի «խաղաղասեր» լինելու մասին, սակայն բազմիցս ականատես ենք եղել ադրբեջանական վայրագություններին և ահաբեկիչ, հայատյաց քաղաքականությանը: 

 

Հիշեցնենք, որ մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական դիվերսիոն խումբը ներթափանցել է Արցախի տարածք և զինված հարձակում գործել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի ուղղությամբ, որի հետևանքով ոստիկանության 3 ծառայող զոհվել է, մեկը ծանր վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց ու գտնվում է բժիշկների հսկողության տակ: 

Քաղաքականություն

Պատահարներ