Հայտնի է` ով կպայքարի Էրդողանի դեմ Թուրքիայի առաջիկա ընտրություններում

Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարվել է ընդդիմադիր «Ժողովրդական դաշինք»-ի միակ թեկնածուն Թուրքիայում մայիսի 14-ին նշանակված համընդհանուր ընտրություններում, նա կմրցակցի «Հանրապետական դաշինք»-ի թեկնածու, երկրի գործող նախագահ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է РИА Новости-ն։

 

Քըլըչդարօղլուի անունը հայտարարել է «Երջանկություն» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլլաօղլուն։ 

 

Ավելի վաղ թուրքական ընդդիմադիր «Լավ կուսակցության» (IP) առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել էր, որ լքում է վեց կուսակցություններից բաղկացած ընդդիմադիր դաշինքը նախագահի թեկնածուի շուրջ տարաձայնությունների պատճառով, ուրբաթ հաղորդում է Daily Sabah-ը։
 

«Երեկվա հանդիպմանը հինգ կուսակցություններ առաջադրեցին Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությունը, իսկ մենք՝ Մանսուր Յավասին և Էքրեմ Իմամօղլուին։ Ցավոք, մեր առաջարկը մերժվել է»,- ասել է Աքշեները։ 

 

Իր հերթին դաշինքի մեծամասնությամբ առաջադրված Ժողովրդահանրապետական ​​կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ անհանգստության պատճառ չկա։
 

«Մի անհանգստացեք, ամեն ինչ իր տեղը կընկնի»,- ասել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ