ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանը փոխանցել է` կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են կտրուկ քայլեր. ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: 

 

Հարությունյանը անդրադարձել է փետրվարի 24-ին և մարտի 1-ին ադրբեջանական կողմի հետ տեղի ունեցած հանդիպումներին: Երկրի ղեկավարի խոսքով՝ երկրորդ հանդիպումից հետո ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է, որ կամ  ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր:

 

«Մենք չենք ընդունել, չենք ընդունում և այսօր ուզում եմ նորից հայտարարել՝ այն միայն Անվտանգության խորհրդի որոշում չէ, այլ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է, որ մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում  ունենալու ենք տարբեր զարգացումներ, իրավիճակներ, որոնց պետք է դիմակայենք: Մենք ընտրում ենք՝ կամ շարունակել պայքարը, որն ընտրել ենք,  կամ եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն: Բայց քանի որ մենք ընտրել ենք պայքարի ճանապարհը, խնդրում եմ առաջին հերթին հարգել մեր որոշումը և ամեն նման մի երևույթի չարձագանքել և ներքաղաքական որևէ ենթատեքստ չտալ»,- ասել է Հարությունյանը:

Քաղաքականություն

Պատահարներ