Պատանդ ենք ադրբեջանցիների ձեռքում, միակ ճանապարհը պայքարելն է մինչև վերջ. Արցախի պետնախարար

Պատանդ ենք ադրբեջանցիների ձեռքում, Բաքվի նպատակն է՝ փորձել գերու և պատանդի հետ վարվել այնպես, ինչպես կամենում է և ստանալ գերուց՝ տվյալ դեպքում Արցախի ժողովրդից, ինչ հնարավոր է ստանալ։ Հանրայինի եթերում ասել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը․

 

«Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկում է, որ մեզ բերի բանակցային սեղանի շուրջ, քննարկի այն հարցերը, որոնք բխում են իրենց շահերից։ Մենք կարող ենք ունենալ բանակցություն, շփում և հանդիպումներ կոնկրետ հարցեր լուծելու համար։ Այս 3-ի համար էլ չունենք անհրաժեշտ պայմաններ։

 

Ինչ վերաբերում է միջադեպին, ապա ադրբեջանցիները հավանաբար հետապնդել են, իրենց դիրքից իջնելով կատարել են այդ ահաբեկչական գործողությունը։ Սա ահաբեկչական գործողություն է, սրանով ադրբեջանցիները ուզում են ցույց տալ, որ Արցախը կապ չի կարող ունենալ արտաքին աշխարհի հետ։ Ակնհայտ էր, որ այդ մեքենան դատարկ էր, սուտ ու անհիմն են Բաքվի պնդումները, որ իբր մեքենայով Հայաստանից զենք էր տեղափոխում։ Դեպքը շփման գծի մոտ էր, Ստեփանակերտից 6-7 կիլոմետր հեռավորության վրա»,-նշել է Արցախի պետնախարարը։

 

Նա ասել է, որ ոչ զիջելու, ոչ  չպայքարելու որևէ հնարավորություն չկա, միակ ճանապարհը սեփական հողի վրա պայքարելն է մինչև վերջ։ Միջազգային հանրությունն ու Ադրբեջանը սա պետք է հասկանան։

Քաղաքականություն

Պատահարներ