Հայաստանը դուրս չի բերել իր զորքերը Ադրբեջանի տարածքներից․ Ալիև

Հայաստանը 2022 թվականին Պրահայում և Սոչիում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, սակայն դեռևս ամբողջությամբ «դուրս չի բերել իր զորքերը Ադրբեջանի տարածքներից»։ 
 

Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Անկարայում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովում։

 

Նա հերթական անգամ անհիմն պնդումներ է արել Հայաստանի հասցեին, նշելով, թե Երևանն իր «ռազմական ստորաբաժանումները», իբր, դուրս չի բերում Ադրբեջանի տարածքից (Բաքվի կողմից վերահսկվող ԼՂ շրջաններից)։
 

«Հայաստանը խուսափում է նաև Զանգեզուրի միջանցքի բացման պարտավորությունից։ Այսպիսով, Հայաստանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունը և դրա համար պետք է պատասխանատվություն կրի»,- ընդգծել է նա։

 

Ուշագրավ է, որ նախօրեին Եվրախորհրդարանի ընդունած զեկույցում հենց Բաքվին են դատապարտել՝ ՀՀ-ի ինքնիշխան տարածք ներխուժելու և Լաչինի միջանցքը շրջափակելու համար։

 

Քաղաքականություն