Բարդ խաղ ստացվեց, հեշտ չէր․ Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականի նկատմամբ արտագնա հաղթանակից հետո հետխաղյա ասուլիսում կիսվել է տպավորություններով։

 

«Խաղը սկսեցինք երեք կենտրոնական պաշտպանով, սակայն չէր ստացվում փոխանցումներ կատարել կիսապաշտպաններին:

 

Մենք սպասում էինք, որ Հայաստանի հավաքականի դեմ խաղը լինելու է ոգևորիչ, և հայկական կողմը զգացմունքային է խաղալու: Երբ մարզիչը նոր է, դա ևս անդրադառնում է խաղադաշտում տեղի ունեցող իրադարձությունների վրա:

 

Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ բարդ խաղ ստացվեց, հեշտ չէր: Մեր կողմից էլ շատ էին անհատական սխալները, որը պետք է գնահատենք:

 

Հանդիպման ընթացքում անցանք չորս պաշտպանով սխեմայի, որի արդյունքում կարողացանք խաղի վերահսկողությունը գտնել: Որպես հյուրընկալվող կողմ, կարծում եմ, որ հաղթեցինք ոչ հեշտ պայքարի արդյունքում, ինչի համար ուրախ ենք»,- vnews.am-ի փոխանցմամբ՝ ասել է գերմանացի մասնագետը:

 

Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Թուրքիայի հավաքականը կամային հաղթանակ էր տարել 2-1 հաշվով։

 

Եվրո-2024-ի ընտրական D խմբում ընդգրկված են նաև Խորվաթիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները։ Հայաստանի հավաքականը մարտի 28-ին Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի թիմի հետ: Նույն օրը թուրքերն ընտրական խաղում կմրցեն Խորվաթիայի հավաքականի դեմ։

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Եվրո-2024-ի ընտրական D խմբի հաջորդ խաղում հունիսի 16-ին կհյուրընկալվի Ուելսի հավաքականին:

Քաղաքականություն

Պատահարներ