Ռուսների հեռանալուց 2 օր հետո ադրբեջանցիներն առաջ եկան․ Տեղ համայնքի ավագանու անդամ

Տեղ գյուղի հողերից համարյա 80-100 հա այս պահին ադրբեջանցիների վերահսկողության ներքո է, իրենք են վերահսկում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզի Տեղ համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանը։

 

«Նախկինում այդտեղ ռուս զինվորականներ էին կանգնած, երկու օր առաջ իրենք հեռացել են, դրանից հետո ադրբեջանցիներն առաջ են եկել, իրենց դրոշը դրել մեր վարելահողերում և աստիճանաբար իրենց հենակետերն են կառուցում, ակտիվ ինժեներական աշխատանքներ են կատարում»,- ասել է Հովսեփյանը։

 

Նրա կարծիքով ադրբեջանցիներին այդ տարածքից հեռացնելը չափազնաց դժվար է լինելու։

 

«Իրենք հետ չեն գնա, իրենց պետք է հետ շպրտել այնտեղից։ Ճիշտ է՝ այս պահին դեռ իրնց հանգիստ են պահում, բայց բնակիչների շրջանում, բնականաբար, անհանգստություն կա, այդ մարդիկ չեն կարողանում մոտենալ իրենց վարած-ցանած հողերին։ Միակ միջոցը նրանց զենքով հետ շպրտելն է, հային վայել չէ, որ ամեն անգամ սուս-սուփ գան և մեր հողերում ամրանան, ամոթ է»,- ասել է Արգամ Հովսեփյանը։

Քաղաքականություն