ԱՄՆ-ն պահանջում է ազատ արձակել Ռուսաստանում ձերբակալված լրագրողին Գերշկովիչին

ԱՄՆ-ն ջանասիրաբար ձգտում է ազատ արձակել Wall Street Journal-ի մոսկովյան բյուրոյի լրագրող Էվան Գերշկովիչին, ով ձերբակալվել է Ռուսաստանում լրտեսության կասկածանքով, ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին, գրում է ТАСС-ը։
 

Նա հիշեցրել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի զրույցն այս հարցի շուրջ։ Քիրբին ընդգծել է, որ Սպիտակ տունը դատապարտում է լրագրողի կալանավորումը և ցանկանում է, որ նա վերադառնա «որքան հնարավոր է շուտ»։

 

«Մենք, ինչպես գիտեք, դա համառորեն պնդում ենք այն պահից, երբ իմացանք, որ նա ռուսների կողմից կալանավորվել է ծիծաղելի մեղադրանքով»,- ասել է Քիրբին։

 

Մարտի 30-ին ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է, որ Գերշկովիչը ձերբակալվել է Եկատերինբուրգում։ Գերատեսչությունում հայտնել են, որ թղթակիցը կասկածվում է ԱՄՆ կառավարության օգտին լրտեսելու մեջ։
 

The Wall Street Journal-ի խմբագիրները պահանջել են ազատ արձակել լրագրողին, ինչպես նաև կոչ են արել վտարել ռուս լրագրողներին և դեսպանին ԱՄՆ-ից։
 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահեցրել է, որ ԱՄՆ իշխանությունները չեն արտաքսի հավատարմագրված ռուս լրագրողներին։
 

Ապրիլի 2-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Լավրովը, ի թիվս այլ բաների, Բլինքենին հայտնել է Գերշկովիչի գործով ԱՄՆ-ում «աժիոտաժ» հրահրելու անթույլատրելիության մասին։

Քաղաքականություն

Պատահարներ