Ավստրալիայի կառավարությունն արգելել է TikTok-ն օգտագործել պետական սարքերում

TikTok հավելվածի օգտագործումը կարգելվի Ավստրալիայի կառավարության բոլոր սարքերից, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ 

«Հետախուզական և անվտանգության մարմիններից խորհրդատվություն ստանալուց հետո ես այսօր լիազորել եմ Գլխավոր դատախազության քարտուղարին անվտանգության քաղաքականության պարտադիր հրաման տալ՝ արգելելու TikTok հավելվածը նախարարությունների և Համագործակցության գերատեսչությունների կողմից թողարկված սարքերի վրա», - ասել է Ավստրալիայի գլխավոր դատախազ Մարկ Դրեյֆուսը:

Նա նշել է, որ TikTok-ի արգելքը կիրականացվի «հնարավորինս շուտ»՝ հավելելով, որ որոշակի հիմքերով կարող են լինել առանձին բացառություններ։ 

Այսպիսով, Ավստրալիան կհետևի այնպիսի երկրների օրինակին, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Կանադան, Մեծ Բրիտանիան և Նոր Զելանդիան, որոնք նույնպես արգելեցին չինական հավելվածի օգտագործումը պետական ​​հեռախոսներում։ Այս երկրների իշխանությունների կարծիքով՝ Չինաստանի կառավարությունը կարող է հավելվածն օգտագործել օգտատերերի տվյալները հավաքելու համար։ 

Միևնույն ժամանակ, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի TikTok -ի գլխավոր մենեջեր Լի Հանթերն ասել է, որ «չափազանց հիասթափված է» որոշումից, որը «թելադրված է քաղաքականությամբ, ոչ թե փաստերով»: 

«Մենք նաև հիասթափված ենք, որ TikTok-ը և այն օգտագործող միլիոնավոր ավստրալացիներ իմացել են այս որոշման մասին լրատվամիջոցների միջոցով՝ չնայած կառավարության հետ կառուցողական համագործակցության մեր բազմաթիվ հրավերներին», - ասվում է Հանթերի հայտարարության մեջ: 

«Մեր միլիոնավոր ավստրալացի օգտատերերը արժանի են փաստերի վրա հիմնված կառավարության, որը արդարացիորեն կվերաբերվի բոլոր բիզնեսներին՝ անկախ ծագման երկրից», - ասել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ