Իբր կիրառել է իրանական ԱԹՍ-ներ․ Փաշինյանը՝ ադրբեջանական ապատեղեկատվության մասին

Հայաստանը պետք է ուժեղացնի Ադրբեջանի տեղեկատվական հարձակումներին հակազդելու իր գործիքակազմը։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Սա մեզ համար զուտ սենտիմենտի հարց չէ, այլ երկրի անվտանգության ապահովման։ Մենք պետք է միասին մտածենք, թե ինչպես այդ հարցը լուծենք։ Օրինակ` ՊՆ-ն ունի իր պատկերացումներն այդ հարցի հետ կապված , որը սկզբունքորեն ընդունելի է»,– ասաց վարչապետը։

 

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` միայն մի խնդիր է դրել, որ դա արվի առանց ժողովրդավարությանը վնասելու։

 

Անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությանը, թե իբր հայկական կողմը երեկ կիրառել է իրանական անօդաչու թռչող սարքեր` Նիկոլ Փաշինյանը ասաց, որ սա նույնպես տեղեկատվական պատերազմի վառ օրինակ է։

 

«Ապատեղեկատվության նպատակը այն է, որ իրենք ասեն` տես Եվրոմիություն, դու դիտորդներ ես ուղարկել Հայաստան, իսկ նրանք Ադրբեջանի դեմ օգտագործում են մի զինատեսակ, որի հետ կապված դու ունես պրոբլեմներ։ Դա սադրանքի անբաժանելի մասն է»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։

 

Հիշեցնենք, որ երեկ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր։