ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի արտահոսքը կարող էր կազմակերպել ռազմաբազայի աշխատակից․ WP

Համացանցում ԱՄՆ վարչակազմի գաղտնի փաստաթղթերի արտահոսքը կարող էր կազմակերպել մի երիտասարդ, ով, հնարավոր է, աշխատելիս է եղել ամերիկյան ռազմաբազայում։ Այս տարբերակը շարադրված է չորեքշաբթի The Washington Post-ում հրապարակված հոդվածում: 

Հրատարակությունը պնդում է, որ այդ նյութերը մինչև 2023 թվականի մարտը մի քանի ամիս շարունակ տարածվել են Discord-ի փակ խմբում։ Խմբի անդամներից մեկը թերթի լրագրողներին ասել է, որ գաղտնի փաստաթղթերը տեղադրել է Օ.Գ. անունով օգտատերը։ Նա հայտարարել է, որ աշխատում է «ռազմական բազայում», որը չի նշվում։ Նշվում է նաև, որ վերջինս 20 տարեկանից մի փոքր է ավել։  

«Նա, անշուշտ, գիտեր, թե ինչ է անում, երբ հրապարակեց այս փաստաթղթերը: Սա պատահական արտահոսք չէ», - հրապարակմանը ասել է Discord հարթակի անդամներից մեկը: Ըստ թերթի՝ հրապարակված փաստաթղթերի թվում կան նյութեր, որոնց հասանելի են եղել միայն մանրակրկիտ ստուգումներ անցած անձինք։ 

The Washington Post-ի լրագրողները նշել են, որ խմբի որոշ անդամներ, իբր, գիտեն Օ.Գ.-ի իրական անունը, սակայն չեն բացահայտում այն։ ԱՄՆ իշխանություններն արդեն կապ են հաստատել առնվազն մեկ մասնակցի հետ։ Հրատարակությունը պնդում է, որ Discord խմբում ընդգրկված են եղել նաև օգտատերեր Ռուսաստանից և Ուկրաինայից։ Հրապարակումը նշված վարկածի ոչ մի հաստատում չի տալիս։ 

Discord-ի ներկայացուցիչները ավելի վաղ հայտարարել էին, որ համագործակցում են իրավապահ մարմինների հետ՝ հետաքննելու Պենտագոնի և ԱՄՆ հետախուզության գաղտնի փաստաթղթերի արտահոսքը: