Հյուսիսային Կորեան կոշտ վառելիքով նոր բալիստիկ հրթիռ է փորձարկել․ ԶԼՄ
Հինգշաբթի Հյուսիսային Կորեայի կողմից փորձարկված հրթիռը ենթադրաբար եղել է կոշտ վառելիքով աշխատող նոր բալիստիկ հրթիռ, որը ցուցադրվել է փետրվարին կայացած շքերթի ժամանակ: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին։
«Ըստ այսօրվա տեղեկատվության՝ մենք կարծում ենք, որ արձակվել է միջին կամ ավելի մեծ հեռահարության նոր բալիստիկ հրթիռ: Մենք գնահատում ենք, որ սա շքերթում ցուցադրված համակարգերից մեկն է», - ասել է Միացյալ շտաբների պետերի խոսնակը։ Գործակալությունը նշում է, որ Փհենյանում փետրվարյան շքերթի ժամանակ ցուցադրվել է նոր կոշտ վառելիքով աշխատող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։
Բացի այդ, շտաբների պետերի կոմիտեն չի բացառում, որ ԿԺԴՀ-ի ներկայիս փորձարկումները կարող են կապված լինել արբանյակի արձակման նախապատրաստման հետ։ Ավելի վաղ ԿԺԴՀ իշխանությունները հայտնել էին, որ նախատեսում են ապրիլին ավարտել հետախուզական արբանյակի վրա աշխատանքը։
Հինգշաբթի հարավկորեացի զինվորականները հայտնել են, որ տեղական ժամանակով ժամը 07:23-ին (Երևանի ժամանակով 02:23-ին Փհենյանի արվարձաններից Ճապոնական ծովի ուղղությամբ միջին կամ մեծ հեռահարության բալիստիկ հրթիռի արձակում են գրանցել): Սեուլի տվյալներով՝ արկը թռել է մոտ 1000 կմ։ Գործակալությունը չի բացառում, որ կարող էր միջմայրցամաքային հրթիռ արձակված լինել։