Ուկրաինայում պատերազմի զարգացման 4 սցենար կա. The New York Times
The New York Times-ը գրում է պատերազմի զարգացման չորս սցենարի մասին, որոնք ուսումնասիրվում են ամերիկյան հետախուզության կողմից։ Այս փաստաթուղթը գալիս է Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքից:
Ամերիկյան հետախուզությունը դիտարկում է 4 հնարավոր անսպասելի սցենար, որոնք կարող են ազդել պատերազմի ընթացքի վրա։
Առաջին սցենարը Վլադիմիր Պուտինի մահն է, երկրորդը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մահը։ Երրորդ սցենարը ռուսական բանակի ղեկավարության փոփոխությունն է, իսկ չորրորդը՝ հնարավոր «Ուկրաինայի հարվածը Կրեմլին»։
Փաստաթղթում նշվում է, որ այդ սցենարները կարող են էական ազդեցություն ունենալ պատերազմի ընթացքի վրա, կարող են չազդել։ Բացի դրանից, դրանք կարող են հանգեցնել ինչպես էսկալացիայի, այնպես էլ խաղաղ բանակցությունների, որոնք վերջ կդնեն պատերազմին։
Հրատարակությունը գրում է, որ Վաշինգտոնին ամենից շատ անհանգստացնում է «Ուկրաինայի հարվածը Կրեմլին» սցենարը (փաստաթղթում բացակայում է դրա մանրամասն նկարագրությունը), քանի որ դա կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից կտրուկ էսկալացիայի՝ ներառյալ մարտավարական միջուկային զենքի կիրառումը։ Սակայն այս հարվածը կարող է, ըստ հետախուզության, նաև Պուտինին բերել բանակցությունների անհրաժեշտության։ Փաստաթուղթը չի պարունակում գնահատական, թե որքանով է հավանական այս կամ այն սցենարը։
Ենթադրյալ գաղտնի փաստաթղթերը համացանցի տարբեր ֆորումներում սկսեցին հայտնվել մարտի սկզբին և սկզբում մեծ ուշադրություն չգրավեցին։
Սակայն ավելի ուշ պարզվեց, որ դրանցից կարելի է եզրակացություն անել ռուսական և ուկրաինական բանակի վիճակի և, մասնավորապես, ուկրաինական ապագա հակահարձակման անբավարար նախապատրաստության մասին։
Ընդ որում, որոշ տվյալներ ցույց են տվել ակնհայտ շահարկման նշաններ, մասնավորապես, թերագնահատվել են ռուսական կորուստները, իսկ ուկրաինականները՝ գերագնահատվել։
Միաժամանակ համացանցում հայտնվել է ավելի քան 100 փաստաթուղթ, այդ թվում՝ տեղեկություններ ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Չինաստանի, Հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Մերձավոր Արևելքի մասին։