Ադրբեջանցիների ներկայությունը Հայաստանում խնդրահարույց է հենց Ալիևի ագրեսիվ վարքի պատճառով․ Հակոբ Կարապետյան

Ես Արամ Նիկոյանի արածին ոչ մի կերպ չեմ վերաբերում` ոչ ողջունում եմ, ոչ դատապարտում։ Ես չգիտեմ, թե ինչ մոտիվներ են մարդուն մղել էդ արարքին, չգիտեմ` ինչ հոգեբանական վիճակում է եղել։ Եթե իրավական պրոցես լինի (կարծում եմ, պե՛տք է լինի), հուսով եմ, էդ հարցերի պատասխանները կստանանք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող և Երևանի քաղաքապետի  մամաուլի նախկին խոսնակ Հակոբ Կարապետյանը։

 

«Ինձ էս պատմության մեջ մի հարց է հետաքրքրում. ինչպե՞ս է հնարավոր ամենաբարձր մակարդակով արձանագրել ացախցիների գլխին կախված ցեղասպանության վտանգը, անդընդհատ խոսել Ադրբեջանի ագրեսիվ եւ ուխտադրուժ վարքի մասին, աշխարհին ահազանգել սպասվող նոր պատերազմի մասին ու նույն ժամանակ թույլ տալ, որ հերթական արյունալի բախումից երեք օր անց էդ երկրի դրոշը բարձրացվի քո մայրաքաղքում։ Դրոշ, որի տեսքը տասնյակ հազարավոր քաղաքացիների համար անձնական ու հավաքական ողբերգության սիմվոլ է։

 

Ո՞նց կարելի է չտեսնել սենյակում գտնվող փղին, ոնց կարելի է չկանխատեսել հնարավոր պոռթկումները։ Սա խաղաղություն ուզել֊չուզելու մասին չի, ակնհայտ է, որ Հայաստանում ճնշող մեծամասնութունը խաղաղություն են ուզում: Անձամբ ես երազում եմ ոչ թե Ադրբեջանի կործանման մասին, այլ որ մի օր էդ երկրի հետ անկեղծ բարեկամություն կանենք:

 

Բայց փաստ է, որ հիմա, այսօր, Ադրբեջանի բռնապետական ռեժիմը եւ նրա պրոպագանդայի շնորհիվ՝ ադրբեջանական հասարակությունը ծայրահեղ թշնամական է մեր հանդեպ ու գոյաբանական վտանգ է ներկայացնում մեզ համար:

 

Մի՞թե հնարավոր չէր որպես առաջնության կազմակերպիչ երկիր միջազգային ֆեդերացիային հայտնել, որ ադրբեջանական թիմի ներկայությունը Հայաստանում խնդրահարույց է հենց Ալիեւի ագրեսիվ վարքի պատճառով:

 

Պատկերացրեք վիճակ, հարեւանդ եղբորդ սպանել է ու գրեթե ամենօրյա ռեժիմով խոսք է տալիս, որ երեխաներիդ էլ է սպանելու: Ու մի օր երեկոյան մտնում ես տուն, տեսնում ես հարեւանդ դիվանին նստած չայ ա խմում: Ի՞նչ պետք է անես: Ես, անկեղծ, չգիտեմ՝ ինչ պետք է անել, բայց հաստատ գիտեմ, թե ինչ չպե՛տք է անել: Չպետք է տուն թողել մարդասպան հարեւանին, որը սպառնում է դեռ էլի սպանել:

 

Հ.Գ. Վերեւում գրել եմ, որ ոչ մի կերպ չեմ վերաբերում Նիկոլյանի արածին: Ամեն դեպքում, դատապարտում եմ հրդեհային անվտանգության կանոնների կոպիտ խախտումը»,- գրել է Կարապետյանը։

 

Հիշեցնենք` ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։ Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն անսպասելի դեպի բեմ վազեց, դրոշակակիր աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշն ու բոլորի աչքի առաջ այրեց այն։ Նշենք, որ լուսանկարում երևում է` Արամ Նիկոլյանն անցագրով է, ինչից կարելի է ենթադրել, որ նա կազմակերպչական աշխատանքներով զբաղվող թիմի անդամ է, հավանաբար` շոուի մասնակիցների հագուստի դիզայնի պատասխանատուն։ Միջադեպից հետո Նիկոլյանին բերման էին ենթարկել, ապա ազատ արձակել։ Հանցակազմի բացակայության պատճառով նրա դեմ քրեական վարույթ չի նախաձեռնվի։

 

Հավելենք, որ Ադրբեջանի դրոշն այրած դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանը հայտարարել է, որ իր արածը բացառապես հայ տղամարդու, թասիբով հայի արարք է։ Նա տեսաուղերձ է հղել ոստիկանական ստորաբաժանումից ազատ արձակվելուց հետո։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ