«Նա եղել է այնտեղ հրավիրյալ մասնագետ». Առաջին ալիքից՝ Արամ Նիկոլյանի մասին

Ոճաբան Արամ Նիկոլյանը Երևանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը չի մասնակցել որպես Հանրային հեռուստաընկերության աշխատակից։ Նա եղել է այնտեղ հրավիրյալ մասնագետ,– այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Առաջին ալիքի հանրային և միջազգային կապերի տնօրեն Աննա Օհանյանը։ 


Արամ Նիկոլյանը 2013 թ-ից Հանրային հեռուստաընկերության գլխավոր ոճաբանն է: Հարցին, թե արդյոք ոճաբանին կհեռացնեն աշխատանքից, Աննա Օհանյանը չի պատասխանել։ 


«Ես այլևս ոչինչ չունեմ ավելացնելու»,– նշեց նա։ 


Հիշեցնենք` ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։ Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն անսպասելի դեպի բեմ վազեց, դրոշակակիր աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշն ու բոլորի աչքի առաջ այրեց այն։ 
 

Նշենք, որ լուսանկարում երևում է` Արամ Նիկոլյանն անցագրով է, ինչից կարելի է ենթադրել, որ նա կազմակերպչական աշխատանքներով զբաղվող թիմի անդամ է, հավանաբար` շոուի մասնակիցների հագուստի դիզայնի պատասխանատուն։ 
Միջադեպից հետո Նիկոլյանին բերման էին ենթարկել, ապա ազատ արձակել։ Հանցակազմի բացակայության պատճառով նրա դեմ քրեական վարույթ չի նախաձեռնվի։ 

 

 

Հավելենք, որ Ադրբեջանի դրոշն այրած դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանը հայտարարել է, որ իր արածը բացառապես հայ տղամարդու, թասիբով հայի արարք է։ Նա տեսաուղերձ է հղել ոստիկանական ստորաբաժանումից ազատ արձակվելուց հետո։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ