Որքա՞ն գումար է ծախսվում Երևանի կանաչապատման համար

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները երեկ կրկին ծառեր հատեցին Երևանում, այս անգամ` մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Սայաթ–Նովա փողոցում` 60 ծառ։ 
Ու չնայած ծառերն արտաքինից լիովին առողջ էին, քաղաքային իշխանությունները շարունակում են պնդել, որ դրանք իրենց կյանքն ապրել են։ Մարտի սկզբին նույն ճակատագրին էին արժանացել Կասկադի մոտակայքում գտնվող ծառերը, որոնց փոխարեն արդեն սակուրաներ են տնկվել։ 


Ավելի վաղ քաղաքային իշխանությունները հայտնել էին, որ Երևանի կանաչ ֆոնդի առողջացման համար քաղաքում 10 տարեկան ավելի քան 2000 արժեքավոր ծառ է տնկվելու։ Սակայն ծառահատումը հասարակության բուռն արձագանքին էր արժանացել։ Շատերին հետաքրքրում էր, թե որ ընկերությունից են ձեռք բերել տնկելու համար նախատեսված ծառերը, որքան գումար են ծախսել այդ նպատակով։ 
 

Sputnik Արմենիա գործակալությունը հարցում էր ուղարկել քաղաքապետարան` պարզելու, թե որ կառույցներն են գնահատական տվել հատված ծառերին, որ ընկերություններից են ձեռք բերվել տնկիներն ու ծառերը, որքան է այդ ամենը արժեցել, և արդյոք միջոցները բյուջեից են հատկացվել։ Քաղաքապետարանից մեզ պատասխանել են, որ ծառերի վիճակի գնահատումը ընդհանուր ծառերի մասով իրականացրել է գիտաժողովը, յուրաքանչյուր ծառատեսակի համար առանձին՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։ Քաղաքապետարանը գերադասել է ծախսված գումարների և ընկերությունների վերաբերյալ մանրամասներ չհայտնել։ 


«Բոլոր ձեռքբերումներն իրականացվել են գնումները կարգավորող ՀՀ օրենսդրությանը համապատասխան։ Գրեթե բոլոր ծառաթփատեսակների գնման գործընթացին մասնակցել է 7-ից 8 տնտեսվարող, մրցույթը հայտարարվել է հոկտեմբերի 31-ին՝ առանց ֆինանսական միջոցների, իսկ համաձայնագրերը տարբեր ընկերությունների հետ կնքվել են փետրվարի 28-ից», – ասված է մեր գրավոր հարցման պատասխանում։ 
Քաղաքապետարանը խորհուրդ է տվել տվյալներ գտնել gnumner.am պաշտոնական կայքում։ Sputnik Արմենիային հաջողվեց փետրվարի 28-ով և մարտի 27-ով թվագրված երկու պայմանագիր գտնել, սակայն դրանցով ճապոնական իլենու և մշտադալար տոսախի 10 հազար թփի, ինչպես նաև 155 հազար տարատեսակ բույսերի տնկիների ձեռքբերում է նախատեսվում։ 


Հատկանշական է, որ թփերն առաջին դեպքում ձեռք են բերվել շուրջ 9.5 մլն դրամով (մոտ 25 հազար դոլար) «Կարեն Սահակյան» ԱՁ–ից, որը գրանցված է 2007 թվականից։ Իսկ ահա մյուս բույսերի ձեռքբերման համար ծախսվել է շուրջ 4.5 մլն դրամ (ավելի քան 11 հազար դոլար), և դրանք գնվել են «Եդեսիա գրուպ» ՓԲԸ–ից, որը էլեկտրոնային ռեգիստրում գրանցված է Հասմիկ Հովհաննիսյանի անունով 2019 թվականից, սակայն ընկերության գործունեության վերաբերյալ տեղեկություններ չկան։ 
Ըստ էության, սակուրաների և մյուս ծառերի արժեքը, ինչպես նաև ընկերությունների անունները, որոնցից դրանք ձեռք են բերվելու, գաղտնիք է մնում, չնայած քաղաքապետարանի նշված gnumner.am կայքում հայտարարություն է տեղադրված սեփական կարիքների համար 16 տեսակի ծառերի գնման վերաբերյալ։ 

 

Ցանկում հիշատակված են նաև սակուրաները (45 հատ), որոնց համար քաղաքային իշխանությունները պատրաստ են ծախսել 2.1 մլն դրամ (ավելի քան 5 հազար դոլար), իսկ պոտենցիալ վաճառողների թվում նշված է նույն «Կարեն Սահակյան» ԱՁ–ն, որին քաղաքային իշխանությունները պատրաստ են վճարել 16.6 մլն դրամ (41.5 հազար դոլար)։ Կնքված պայմանագիրը գտնել դեռ չի հաջողվել, բայց մենք կհետևենք գործընթացին։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ