Սպորտի քաղաքականացումը կտրականապես անընդունելի է․ Ադրբեջանը հայտարարություն է տարածել

Արդեն հայտնել ենք, որ Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն ու այդ երկրի օլիմպիական ազգային կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել, ըստ որի՝ որոշվել է, որ իրենց պատվիրակությունն, այդ թվում՝ մարզիկները պետք է Երևանից վերադառնան Ադրբեջան։

 

Պատճառը, համաեվրոպական ստուգատեսի բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանի կողմից բեմում Ադրբեջանի դրոշի այրելու փաստն է։

 

Համատեղ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է՝ 2023 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ պաշտոնապես հավատարմագրված անձի կողմից այրվել է Ադրբեջանի դրոշը։
 

Նրանով հանդերձ, որ նման «բարբարոսական»  արարքի կատարումը մի արարողության ժամանակ էր, որին մասնակցում էր Հայաստանի վարչապետը, և ուղեկցվում էր հայ հասարակության ծափահարություններով, այս արարքը կատարողին որպես հերոս ներկայացնելը վառ օրինակ է «Էթնիկ ատելության, ռասիզմի, այլատյացության, ադրբեջանաֆոբիայի այս երկրում, որը լիովին հակասում են սպորտի վեհ նպատակին և սկզբունքներին, որոնք նպաստում են ժողովուրդների միջև խաղաղությանն ու փոխըմբռնմանը: Սպորտի քաղաքականացումը կտրականապես անընդունելի է»։

 

Այն պայմաններում, երբ Հայաստանում տիրում է «ատելության նման մթնոլորտ, ապահովված չէ անվտանգությունը, ադրբեջանցի մարզիկների բնականոն մասնակցությունը մրցումներին անհնար է հոգեբանական ճնշման պատճառով»։ Այս ամենը հաշվի առնելով՝ որոշվել է ադրբեջանցի մարզիկներին վերադարձնել հայրենիք։ Հայաստանը պետք է ապահովի նրանց անվտանգ վերադարձը։

 

Կոչ ենք անում միջազգային հանրությանը, միջազգային մարզական կազմակերպություններին խստորեն դատապարտել այս «բարբարոսական» արարքը։ Կոչ ենք անում նաև Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիային պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ։

 

Մենք կարծում ենք, որ տեղի ունեցածը վկայում է Հայաստանի «անկարողությունը միջազգային սպորտային մրցումներ անցկացնելու և մարզիկների անվտանգությունն ապահովելու համար»։

 

 

Հիշեցնենք՝ Ադրբեջանը երբևէ չի դադարեցրել իր ջանքերը և ջանասիրաբար հետևողական լինելով՝ հերոսացնում է հայերի հանդեպ կատարած ոճրագործությունը։ Այն դեպքում, երբ Հայաստանի ղեկավարությունը բարձր մակարդակով հայտարարեց, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ պատրաստ են ապահովել ինչպես մյուս, այնպես էլ ադրբեջանցի մարզիկների անվտանգությունը։ Որպես փաստ արձանագրելով նշենք՝ նրանք մուտք գործելիս Հայաստան լրացուցիչ անվտանգություն են խնդրել, մենք դա էլ ենք ապահովել: Բոլոր միջոցները իրականացրել ենք՝ ուղեկցումներ, օդանավակայանում դիմավորում, հյուրանոցում լրացուցիչ անվտանգության ապահովում, անվտանգ մասնակցություն ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը, անվտանգ պայմաններում  գիշերում Հայաստանում։ 

 

Այն դեպքում, երբ ադրբեջանցի մարզիկները Հայաստան էին ժամանել երկու օր անց արյունալի դեպքերից, երբ Տեղ սահմանամերձ գյուղում փոխհրաձգություն էր եղել։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտեցել էին ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ էին բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։ Փոխհրաձգության հետեւանքով հայկական կողմն ունեցել է 4 զոհ, 6 վիրավոր։ 

 

Ընդգծենք՝ արդեն 125-րդ օրն է, ինչ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ ապօրինաբար շրջափակելով Արցախը և արհեստականորեն ստեղծելով ծանր հումանիտար պայմաններ Արցախի 120 հազարանոց բնակչության համար։ Նման գործողություններով ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության բնակչությանը փաստացի զրկել է արտաքին աշխարհի հետ շփման միակ հնարավորությունից՝ 120 հազար բնակչությանը թողնելով լիակատար շրջափակման մեջ՝ դրանից բխող հումանիտար, առողջապահական և տնտեսական բոլոր հետևանքներով հանդերձ։ Բնապահպանների անվան տակ հանդես եկող ադրբեջանցիներն իրականացնում են քաղաքական իշխանության հրահանգները՝ կտրել Արցախն աշխարհից։ 

 

Նշենք, որ Ադրբեջանը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, համաձայն որի՝ այդ երկիրը պետք է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներն օգտագործի՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով:

 

Եվ վերջում, Ադրբեջանում որևէ մեկը չի ճանաչել Բուդապեշտում կացնի 16 հարվածով քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին՝ որպես հանցագործ և չի ճանաչվել նրա մեղավորությունը:

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ