ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արամ Նիկոլյանը` Ադրբեջանի դրոշն այրելու դրդապատճառի մասին

Ադրբեջանի դրոշն այրած դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանը հայտարարել է, որ իր արածը բացառապես հայ տղամարդու, թասիբով հայի արարք է։ Նա տեսաուղերձ է հղել ոստիկանական ստորաբաժանումից ազատ արձակվելուց հետո։ «Իմ ցանկությունը բացառապես եղել է այն, որ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում չծածանվի Ադրբեջանի դրոշը, և, ամենակարևոր բանը` որ երբեք չմտածեն, որ հայերը սովորում են կամ փորձում հարմարվել ինչ–որ իրավիճակների»,–ասել է Նիկոլյանը։ 

Նիկլոլյանը շեշտել է, որ չի հարում որևէ քաղաքական ուժի, և չէր ուզի, որ իր արարքը որևէ կերպ շահարկվեր այն տեսանկյունից, թե դա կազդի սահմանին կանգնած զինվորների վրա։  «Իմ ցանկությունը եղել է բացառապես անել այն, որ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում չծածանվի Ադրբեջանի դրոշը եւ ամենակարեւոր բանը, որ  երբեք չմտածեն, որ հայերը սովորում են, կամ փորձում են հարմարվել ինչ-որ սիտուացիաների: Ես ցավում եմ այն կարծիքների համար, ովքեր որ մտածում են, որ կարող է  իմ արարքը կարող է վատ կերպով անդրադառնա սահմանում կանգնած մեր տղաներին: Ես աղոթում եմ այդ տղաների ու այն մարդկանց համար, ովքեր պահում  են այդ սահմանը՝ լինելով ՀՀ քաղաքացի: Ես վստահ եմ, որ եթե կան նման մարդիկ, ովքեր կարծում են, որ պիտի չանեի որովհետեւ, թող կարծեն իրենց տանը, փակցնեն Ադրբեջանի դրոշն ու փարատվեն դրանով»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում սատարեցին իրեն: 


Հիշեցնենք` ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։ Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն անսպասելի դեպի բեմ վազեց, դրոշակակիր աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշն ու բոլորի աչքի առաջ այրեց այն։ 
 

Նշենք, որ լուսանկարում երևում է` Արամ Նիկոլյանն անցագրով է, ինչից կարելի է ենթադրել, որ նա կազմակերպչական աշխատանքներով զբաղվող թիմի անդամ է, հավանաբար` շոուի մասնակիցների հագուստի դիզայնի պատասխանատուն։ 
Միջադեպից հետո Նիկոլյանին բերման էին ենթարկել, ապա ազատ արձակել։ Հանցակազմի բացակայության պատճառով նրա դեմ քրեական վարույթ չի նախաձեռնվի։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ