ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպե՞ս են դիմավորում Արամ Նիկոլյանին ազատ արձակումից հետո

Ոճաբան Արամ Նիկոլյանն ազատության մեջ է։ Նա երեկ դուրս է եկել ոստիկանության բաժանմունքից։ Ոստիկանական բաժանմունքի դիմաց հավաքված հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներն երևանյան բեմում Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանին ծափահարություններով դիմավորեցին։ Տեսանյութը հրապարակել է Հայկ Աթոյան ֆեյսբուքյան օգտատերը: Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ոստիկանության բաժնի մոտ լրագրողներին ասաց, որ ինչպես անհասկանալի պատճառներով ձերբակալվեց Արամ Նիկոլյանը, այնպես էլ անհասկանալի պատճառներով ազատ արձակվեց։

 

«Շատ լավ է, որ քննության հենց վաղ փուլում քննչական ստորաբաժանումն արձանագրեց հանցակազմի բացակայություն։ Նախնական տեղեկություններով, քրեական վարույթ չի նախաձեռնվի։

Այս պահին Արամ Նիկոլյանն ամբողջությամբ ազատ է արձակվել, քննչական ստորաբաժանումը քրեական վարույթ նախաձեռնելը մերժելու մասին որոշում է կայացրել, ուղարկվել դատախազի հաստատմանը»,- ասաց Ա. Կոչուբաևը։ 

 

 

Հիշեցնենք` ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։ Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն անսպասելի դեպի բեմ վազեց, դրոշակակիր աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշն ու բոլորի աչքի առաջ այրեց այն։ 
 

Նշենք, որ լուսանկարում երևում է` Արամ Նիկոլյանն անցագրով է, ինչից կարելի է ենթադրել, որ նա կազմակերպչական աշխատանքներով զբաղվող թիմի անդամ է, հավանաբար` շոուի մասնակիցների հագուստի դիզայնի պատասխանատուն։ 
Միջադեպից հետո Նիկոլյանին բերման էին ենթարկել, ապա ազատ արձակել։ Հանցակազմի բացակայության պատճառով նրա դեմ քրեական վարույթ չի նախաձեռնվի։ 

 

 

Հավելենք, որ Ադրբեջանի դրոշն այրած դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանը հայտարարել է, որ իր արածը բացառապես հայ տղամարդու, թասիբով հայի արարք է։ Նա տեսաուղերձ է հղել ոստիկանական ստորաբաժանումից ազատ արձակվելուց հետո։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ