Ընդլայնվել է ռազմատեխնիկական համագործակցության շրջանակը և կնքվել են 3 տասնյակից ավելի պայմանագրեր. զեկույց

Հայաստանը նախորդ տարի սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռք բերման գործընթացների իրագործման համար ընդլայնել է ռազմատեխնիկական համագործակցության շրջանակը,  կնքվել են 3 տասնյակից ավելի պայմանագրեր:

Այս մասին ասվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցում:

 

Նշվում է, որ բանակի բարեփոխումների ուղղությամբ իրականացվում են լայնածավալ աշխատանքներ: Մասնավորապես 2022 թվականին ընթացել են ՀՀ զինված ուժերի, զինված ուժերի գլխավոր շտաբի ստորաբաժանումների կազմկառուցվածքային փոփոխությունները, պայմանագրային զինծառայողների համար սահմանվել է լրավճար՝ դրա հաշվարկման համար նախատեսելով ատեստավորման գործընթաց, որի արդյունքում նախատեսվում է զինծառայողների աշխատավարձերի կրկնապատկում, սահմանվել է պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության փոխադրման նոր կարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի իրականացման միջոցով:

 

Բացի այդ՝ ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար սահմանվել է անհատույց օգտագործման, իսկ հետագայում՝ նաև անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք,  ընդլայնվել է վարժական հավաքների անցկացման շրջանակը, բարեփոխվել է վարժական հավաքների կառուցվածքը, շարունակվել են «IP» կապի համակարգի ներդրման աշխատանքները:

 

Զեկույցում նշվում է նաև, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման գործընթացների իրագործման համար ընդլայնվել է ռազմատեխնիկական համագործակցության շրջանակը և կնքվել են 3 տասնյակից ավելի պայմանագրեր:

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական սահմանի տեղամասի պահպանության պատշաճ կազմակերպման համար ձեռք են բերվել անհրաժեշտ համակարգեր, ինժեներական, շինարարական, ուսումնական և այլ միջոցներ:

ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է ժամանակակից բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար, շարունակվել է տեսադիտարկման համակարգերի տեղադրումը` դրանք համակցելով ընդհանուր ցանցին և հասցնելով ՀՀ զինված ուժերի օպերատիվ կառավարման կենտրոն:

 

Տեղի է ունեցել ԱՄՆ-ի աջակցությամբ բարեկարգված՝ ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանման «Զառ» ուսումնական կենտրոնի բացման արարողությունը,  գործողության է դրվել Հայրենիքի պաշտպանի ազգային-գաղափարական դաստիարակության միջոցառումների ծրագիրը, հիփոթեքային վարկավորման ծրագրում ընդգրկվելու համար դիմում-հայտ ներկայացրած և ծրագրի մասնակիցների ռեեստրում գրանցված բոլոր զինծառայողներն ընդգրկվել են հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրում:

 

Մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություններ (ՌՈՒՀ) ընդունված և ավարտած (ավարտող) և սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար սահմանվել է ՌՈՒՀ ավարտելուց հետո 5 տարի ժամկետով հիփոթեքային վարկավորման ծրագրում առաջնահերթությամբ ընդգրկվելու իրավունք (այս ծրագրի միջոցով 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ բնակարան կամ բնակելի տուն է ձեռք բերել 917 զինծառայող):

 

Նշվում է նաև, որ իրականացվել են դիրքերի և զորամասերի մշտական տեղակայման վայրերի կահավորման և անձնակազմի կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման աշխատանքներ, տարբեր համայնքներում կատարվել են զինված ուժերի ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցապատման աշխատանքներ: Մշակվել են բանակում կանանց ներգրավման ընդլայնման ծրագրեր, որոնք օրենքի նախագծերի տեսքով առաջիկայում կներկայացվեն ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը:

 

Զեկույցում ընդգծվում է, որ բանակի բարեփոխման շրջանակներում իրականացվում են այլ բարեփոխումներ ևս, իրականացվում են ինժեներատեխնիկական աշխատանքներ: