Թմրամիջոցները վիրտուալ տիրույթում գտնվող չարիք են․ Աննա Վարդապետյան

Իրավապահ մարմինները պետք է փոխեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի քննության մեթոդներն ու մարտավարությունը։ Այս մասին այսօր նշել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս:

 

«Վերջերս գրություն եմ ուղարկել գործընկերներիս՝ խնդրելով քրեական վարույթների շրջանակներում համակցված գործողությունների միջոցով և նոր ձևաչափով պլանավորել  թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ օպերատիվ աշխատանքը։ Թմրամիջոցների շրջանառությունը մոդիֆիկացիայի է ենթարկվել։ Թմրամիջոցները գունավոր դեղահաբեր են, որոնք «գեղեցիկ» տեսք ունեն, և դա ամենասարսափելին է։ Այդ պատճառով մենք անչափահասների շրջանում ունենք լրջագույն մարտահրավեր՝ բացատրելու, որ այդ «գեղեցիկ» դեղահաբերը կործանարար են»,- ասել է հանրապետության գլխավոր դատախազը՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ պետք է իրականացնել նախականխման աշխատանքներ։

 

«Եթե նախկինում հստակ գիտեին, թե ով որ թաղամասում ու ինչ եղանակով  է իրացնում թմրամիջոցը, ապա հիմա դա վիրտուալ տիրույթում գտնվող չարիք է, որը բացահայտելու համար բոլորովին այլ գիտելիքներ են անհրաժեշտ։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն ուղիղ փոխկապակցված է փողերի լվացման հետ, ուստի արդի մեթոդաբանության ձևաչափով քննությունը մեր առաջնահերթությունների մեջ է»,- ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազը:

Քաղաքականություն

Պատահարներ