Եկեղեցականները անրադարձել են Փաշինյանի խոսքերին

Արարատ քահանա Պողոսյանը և Վահրամ Ավագ քահանա Մելիքյանը անրադարձել են Նիկոլ Փաշինյանի խոսքերին։

 

Պողոս առաքյալի այդ տողերը վկայակոչելիս պետք լինել զգուշավոր, քանի որ այն ունի բումերանգի «էֆեկտ»: Գրել է Արարատ քահանա Պողոսյանը։ 

 

Հրապարակումը՝ ստորև․

 

«Պողոս առաքյալի՝ իշխանություններին հնազանդվելու մասին ասված խոսքերը (Հռոմ. ԺԳ 1-4) մեկնաբանվում են տարբեր կերպ՝ նույնիսկ գայթակղելով բազմաթիվ գիտնականների և աստվածաբանների։

 

Բացարձակ իշխանությունը բացատրվում է ընդհանուր շահի նկատմամբ մտահոգությամբ։ Այս խնամատարությունը Աստծուց վստահված է առաջնորդին, որը կարող է դրսևորվել օտար զավթիչների նկատմամբ ուժի կիրառման տեսքով՝ հասարակությանը պաշտպանելու համար։ Օգոստինոս Երանելին վկայակոչելով Պողոս Առաքյալի խոսքերը (Հռոմ․ ԺԳ 1-4), մեկնաբանում է որպես կառավարիչների՝ իրենց տարածքում ընդհանուր բարօրության պաշտպանության համար հակառակորդների նկատմամբ ուժ գործադրելու թույլտվություն (բարոյապես արդարացված): Իսկ Թովմա Աքվինացին կարծում է, որ եթե որևէ կառավարիչ սեփական կառավարման տարածքում խախտում է Աստծու պատգամներն ու Եկեղեցու պատվիրանները, ապա նման կառավարիչների դեմ կարող է լինել ժողովրդական դիմադրություն, որին դեմ չէ Եկեղեցին, քանի որ այդ պայքարն ընկալվում է ոչ թե իշխանության էության դեմ, այլ տրված իշխանության օգտագործման ձևի և գործադրման դեմ։

 

Ուստի այդ տողերը վկայակոչելիս (հատկապես որևէ իշխանության ներկայացուցչի կողմից) պետք լինել զգուշավոր, քանի որ այն ունի բումերանգի «էֆեկտ» և կարող է ուղղվել հենց այդ խոսքերը վկայակոչողի դեմ»։

 

Վահրամ Ավագ քահանա Մելիքյանն էլ գրել է․ «Այս առնչությամբ տեղին է համարում հիշել նաև Պողոս առաքյալի խոսքերը. «Այսպես ուրեմն՝ ով կարծում է, թե կանգնած է հաստատ, թող զգույշ լինի, գուցե թե ընկնի» (Ա Կորնթ. 10։12)։

 

«Զգույշ եղեք, իմ բարեկամներ, գայթակղության չտրվեք, քանզի ամեն փորձություն չէ, որ Աստծուց է» (հմմտ. Հակ. 1։13)։

 

Հիշեցնենք՝ Փաշինյանը երեկ ԱԺ-ում հայտարարել է. «Եթե Եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն Եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ. և դա համաձայն քրիստոնեական տեսության»։

Քաղաքականություն

Պատահարներ