Հողատարածքների գրեթե կեսը չի մշակվում․ Փաշինյանը գնացել է Արմավիրի մարզ

Արմավիրի մարզում հողատարածքների գրեթե կեսը չի մշակվում։ Այս մասին հայտարարվել է մարզպետարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։ Տեղեկությունը հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։

 

«2022թ. մարզում առկա ընդհանուր 96.900 հա գյուղնշանակության հողատարածքներից մշակվել է 43.850 հա, որից 58 %-ը վարելահողեր, 26 %-ը պտղատու այգիներ, 16 %-ը խաղողի այգիներ, հիմնվել են 1632 հա բազմամյա տնկարքներ: Համայնքային գյուղնշանակության 23.625 հա հողերից վարձակալության է տրվել 5308-ը»,– զեկուցել են Փաշինյանին:

 

Միաժամանակ նշվել է, որ անցած տարվա ընթացքում մարզում մթերվել է 91 հազար 190 տոննա խաղող, 7651 տոննա պտուղ և 10 հազար 715 տոննա բանջարեղեն, իսկ 2021թ.՝ համապատասխանաբար 86035 տ, 7935 տ և 5268 տ: Նախորդ տարվա ընթացքում Արմավիրի մարզում հիմնվել է 855 հեկտար ինտենսիվ այգի, ընդհանուր առմամբ մարզում առկա է 2 հազար 169 հա ինտենսիվ այգի:

 

Մարզում հաշվետու ժամանակահատվածում ավարտվել է նաև 112 շինաշխատանք, որոնց թվում են գազիֆիկացման, ոռոգման համակարգի, խմելու ջրի, մանկապարտեզների վերանորոգման և կառուցման, ասֆալտապատման, հասարակական շենքերի, այգիների, պուրակների, բազմաբնակարան շենքերի տանիքների, վերելակների բարեկարգման, լուսավորության ու ֆոտովոլտային կայանի ուղղությամբ իրականացված աշխատանքները:

 

111 դպրոցից 25-ը ֆիզիկական լավ վիճակում է, 55-ը՝ միջին, 31-ը՝ վատ: 80 դպրոցում խնայված միջոցներով իրականացվել են վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքներ։ Վերաբաշխման արդյունքում 10 դպրոցում իրականացվել է ճաշարանների վերանորոգում, հանրակրթական դպրոցներում իրականացվում է Առողջապահության ոլորտի հետ կապված ներկայացվել է բուժհաստատությունների ֆիզիկական վիճակը, ըստ որի` Արմավիր բժշկական կենտրոնը և Բաղրամյան առողջության կենտրոնը գտնվում են լավ վիճակում, Էջմիածին ԲԿ-ն վերանորոգվում է, Մեծամոր ԲԿ-ն վատ վիճակում է: Զեկուցվել է, որ հաշվետու տարում 2021թ. համեմատ վճարովի ծառայությունների 22 % աճ է արձանագրվել:

 

Ձեռքբերումների շարքում առանձնացվել է Հայկական ակնաբուժական նախագիծը, հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար խաղահրապարակի կառուցումը, համակարգչային շերտագրման ծառայության ներդրումը, 17 բժշկական սարքավորումների ձեռքբերումը, ինչի համար կառավարությունը հատկացրել է 205 մլն դրամ: Նշվել է, որ բժշկական սարքավորումներ են ձեռք բերվել նաև տնտեսված միջոցներով: Համագործակցություն է ծավալվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի հետ:

 

2023թ. համար մարզը ներկայացրել է սուբվենցիոն ծրագրերի 36 հայտ՝ 160 ենթածրագրով: Ծավալը կազմում է 13 մլրդ 99 մլն դրամ, որից դեռևս հաստատվել է 22-ը՝ 119 ենթածրագրով. ծավալը կազմում է 9 մլրդ 55 մլն դրամ:

 

Տեղեկացվել է, որ այժմ մարզում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կառուցվում է 6 մանկապարտեզ, հիմնանորոգվում՝ 27-ը, վերանորոգվում՝ 10-ը, 26 մանկապարտեզում էլ իրականացվում են այլ աշխատանքներ: Արմավիրում նախորդ տարի ավարտվել է 3 դպրոցի կառուցման աշխատանքները, ներկայում ընթացքի մեջ են 2-ի շինաշխատանքները: Առաջիկայում կառուցման ծրագրերում կընդգրկվեն ևս 10 դպրոցի կառուցման աշխատանքները:

 

Լսելով զեկույցները` վարչապետը կարևորել է մարզում գյուղնշանակության հողատարածքների ծավալների ավելացման ուղղությամբ տարվող աշխատանքների իրականացումը, ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրումը, ինտենսիվ այգիների հիմնումը։ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է գնահատել կառավարության կողմից գյուղոլորտում իրականացվող վերոնշյալ ծրագրերը և քայլեր ձեռնարկել դրանք լավարկելու և ավելի մատչելի դարձնելու համար:

 

Միաժամանակ վարչապետը հանձնարարել է գույքագրել պետական նշանակության խոշոր հողատարածքները և հետևողական աշխատանքներ տանել ներդրողների ներգրավման ու ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով: Անդրադարձ է կատարվել մարզում իրականացվող մթերային արտադրություններին և ընդգծվել արտադրանքի ստանդարտը փոխելու և արտահանման ուղղությունները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և պաշտոնատար այլ անձինք:

Քաղաքականություն

Պատահարներ