Ադրբեջանցի պաշտոնյաներն առաջարկում են ԼՂ բնակչությանը ստանալ ադրբեջանական անձնագրեր

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանն ապրիլի 25-ին ընդունել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասին, տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

 

Հայաստանում առաջին անգամ գտնվող պատգամավորը եղել է Սյունիքի մարզում, տեղում ծանոթացել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու եւ միջանցքը պաշտոնապես արգելափակելու աշխատանքներին:

 

Արման Եղոյանը նշել է, որ Ադրբեջանի այս քայլը միտված է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու եւ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետեւողական իրագործմանը: Խորհրդարանականը նաեւ իրազեկել է եվրոպացի գործընկերոջը, որ ադրբեջանցի պաշտոնյաներն արդեն իսկ հրապարակայնորեն առաջարկում են ԼՂ բնակչությանը ստանալ ադրբեջանական անձնագրեր:

Զրուցակիցները հրատապ են համարել Եվրոպական խորհրդարանում հարցի բարձրացման անհրաժեշտությունը:

 

Պատգամավորները քննարկել են նաեւ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես, կարեւորվել է սահմանամերձ բնակավայրերում համատեղ վերականգնողական ծրագրերի իրականացումը:

 

Հանդիպման ավարտին կողմերը խոսել են նաեւ հայ-կիպրական բարեկամության, երկու ժողովուրդների առջեւ ծառացած խնդիրների հաղթահարմանն ուղղված հարցերի վերաբերյալ:

Քաղաքականություն

Պատահարներ