Արցախում Ադրբեջանի կողմից բռնարարքներ կսկսվեն՝ առևանգման և այլ տեսակի կտտանքների ձևով. Բաբայան

«Սա ահավոր իրողություն է և այս խնդիրը պետք է շտապ կարգավորվի։ Դրան կարելի է հասնել միայն միասնականության շնորհիվ՝ կոշտ, բայց ազնիվ բանակցություններով՝ Մոսկվայի, Վաշինգտոնի, Փարիզի և Երևանի հետ,- «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

 

Նրա արձանագրմամբ՝ Մինսկի խումբը չի լուծարվել, խմբում ընդգրկված երկրները շարունակում են առանձին – առանձին, ամեն մեկն իր ուղղությամբ ներգրավված մնալ հակամարտության կարգավորման գործընթացի մեջ։

 

 «Բացի այդ՝ և՛ Ֆրանսիան, և՛ ԱՄՆ-ն որպես ժողովրդավարության բաստիոն երկրներ, ինչպես նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ, պետք է պատասխանեն՝ ժողովրդավարական երկրի օկուպացիան, այլ կերպ ասած՝ Ցեղասպանությունը տոտալիտար երկրի կողմից իրենց համար ընդունելի՞ է, թե՞ ոչ։ Ի վերջո, Մոսկվան, որ այստեղ խաղաղապահներ ունի, թող վերջապես պատասխանի՝ ինքը, ի վերջո, գարա՞նտ է, թե՞ գարանտ չէ, կարողանո՞ւմ է, թե՞ չի կարողանում կատարի իր աշխատանքը, որպեսզի մենք հասկանանք մեր անելիքը»,- շեշտել է Դավիթ Բաբայանը։


Լրատվականի այն հարցին`  ի՞նչ հետևանքներ կունենա Հակարի կամրջի հարևանությամբ այսօր տեղադրված ցուցանակը, որ ազդարարում է կամրջից այն կողմ այլևս ադրբեջանապատկան տարածքի մասին, արդյո՞ք սրանով ադրբեջանական կողմը հոգեբանական ճնշում չի՞ գործադրի Արցախում ապրող մեր հայրենակիցների նկատմամբ Դավիթ Բաբայանը պատասխանել  է՝ հոգեբանական ճնշումը մեղմ է ասված, դա Արցախում և Արցախում ապրողների նկատմամբ սպասվելիք գործողությունների աննշան, չերևացվող մասն է միայն.

 

«Սա Ադրբեջանի կողմից Արցախը ոչնչացնելու, հայության վրա թքելու, Ռուսաստանի Դաշնության, Մինսկի խմբի համանախագահող երկրների և, առհասարակ, աշխարհի վրա թքելու ցուցանակ է, որովհետև թշնամին վստահ է իր անպատժելիության վրա»,- նշել է Բաբայանը։

 

Ցուցանակի տեղադրումը արդյոք Ադրբեջանը չի օգտագործի որպես հիմք՝ Արցախում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ բռնարարքներ իրականացնելու համար հարցին ի պատասխան՝ Դավիթ Բաբայանը ընդգծել է, որ միանշանակ և անպայման բռնանարքներ կլինեն։ Դրանք կլինեն առևանգման, մասսայական ձերբակալությունների և այլ տեսակի կտտանքների ձևով։ 

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: 

 

Քաղաքականություն

Պատահարներ