Ե՞րբ եք պատրաստվում այցելել Լաչինի միջանցք․ Ռուբեն Ռուբինյանը՝ Դունյա Միյատովիչին

«Խնդիրն այն չէ, որ միայն ես չեմ կարող գնալ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, խնդիրն այն է, որ ոչ մեկ չի կարող գնալ այնտեղ։ Ես մի քանի անգամ փորձել եմ, երևի մոտ մեկ ամիս առաջ էլ եմ փորձել, բայց փաստ է այն, որ ես չեմ կարող գնալ այնտեղ։ Եվ երբ դուք ինձ հարցնում եք՝ ինչո՞ւ այնտեղ չեք, չեք այցելում այդ տարածք, ես կպատասխանեմ, որ դա ձեր պատճառով է, այն անդամ պետությունների պատճառով, որոնք չեն համագործակցում հանձնակատարի հետ, որպեսզի նրա մուտքը հնարավոր դարձնեն»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում հայտարարեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ 

 

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, հանձնակատարին հիշեցնելով ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի այն հայտարարությունը, թե լավ կլինի, որ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ այցելի, օրինակ, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը և նշելով, որ իրենց զրույցների ժամանակ էլ հանձնակատարը ցանկություն է հայտնել այցելել ԼՂ, ասաց․ 

 

«Ուզում եմ հարցնել՝ ե՞րբ եք պատրաստվում այցելել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ։ Եվ այն դեպքում, երբ դուք ասեք՝ Ադրբեջանը Ձեզ դա թույլ չի տալիս, խնդրում եմ ինձ պատասխանեք՝ ի՞նչ եք Դուք մտադրված անել՝ համոզելու, պարտադրելու Ադրբեջանին, որ դա Ձեզ թույլ տա, քանի որ, կարծում եմ, որ դա Ձեր գործի մի մասն է»։ 

 

Ի պատասխան Դունյա Միյատովիչը նաև շեշտեց՝ իր գործը սահմաններ ստուգելը չէ և շարունակեց․ «Ես փորձել եմ Լեռնային Ղարաբաղի խնդրին նայել մարդու իրավունքների տեսանկյունից, որպեսզի ի վիճակի լինեմ պաշտպանել մարդու իրավունքները։ Եվ մինչև այժմ ես այդ հնարավորությունը չեմ ունեցել։ Խնդիրը կապված է շրջափակման հետ, և ես բարձրաձայնել եմ այդ մասին։ Փորձել եմ լավագույն ձևը գտնել երկու կողմերին ներգրավելու համար։ Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ես պատրաստ էի անմիջապես այցելել ԼՂ, բայց չկարողացա անել։ Ես հուշագիր հրապարակեցի, որտեղ հստակ պահանջներ կային Հայաստանի և Ադրբեջանի համար։ Այդ պահանջները կապված էին անհայտ կորած անձանց, մուտքի խնդիրների հետ, երեխաների, մեծահասակների իրավունքների հետ։ ԵԽ գլխավոր քարտուղարն ասաց, որ երկու երկրների ամենաբարձր մակարդակով քննարկումներ եք ունենում։ Չգիտեմ՝ ինչ է քննարկվում, երբ մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները և մարդիկ չեն կարող այցելել այդ տարածք։ Ուստի սա է պատճառը։ Ես հենց այս պահին էլ պատրաստ եմ այցելել Լաչինի միջանցք և ԼՂ, բայց չեմ կարող, քանի որ պետք է պետությունները կամ պետությունը աշխատեն, որ դա ապահովեն։ Ես կարող եմ գնալ անգամ պատերազմական գոտիներ, բայց չեմ կարող գնալ Լեռնային Ղարաբաղ։ Ուստի երբ դուք հարցնում եք՝ ինչո՞ւ այնտեղ չեք, դա նշանակում է, որ չեմ կարող, ոչ թե չեմ ուզում։ Այդ հարցի պատասխանը պետք է տան անդամ պետությունները»։ 

 

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովն էլ Դունյա Միևատովիչին մեղադրեց, թե ինչու են լռություն պահպանում այն հարցով, որ իրենց զինծառայողին ՀՀ-ում կտտանքների են ենթարկել, և տեսանյութն էլ տարածվում է համացանցում։ Դունյա Միևատովիչը հիշեցրեց, որ այդպիսի կտտանքների որոշ ժամանակ առաջ էլ ադրբեջանցիներն էին ենթարկում հայ զինծառայողների և նշեց, որ այդ հարցերով պետք է զբաղվեն իրավապահները։ Այնուհետև հորդորեց չքաղաքականացնել մարդու իրավունքների հանձնակատարի կառույցը։

 

Քաղաքականություն

Պատահարներ