Եվրախորհրդարանը` Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման մասին

ԵՄ՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի՝ Հայաստանի հարցով մշտական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովատչևը, Եվրախորհրդարանի՝ Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարություն են տարածել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման հարցով։ 

 

Հայտարարության մեջ ասվում է`

 

 «Մենք մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում 2023թ․ ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ: Դա կարող է ունենալ հնարավոր բացասական հետևանքներ և դիտվել որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության ակնհայտ խախտում, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ․ փետրվարի 22-ի պարտադիր վճռի հանդեպ անհարգալից վերաբերմունքի ակտ, որն Ադրբեջանին պարտավորեցրել է «ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, մեքենաների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։

 

Միջանցքի ադրբեջանական շրջափակումը շարունակվում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից՝ հումանիտար դժվարություններ պատճառելով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և մեծապես խաթարելով խաղաղության հեռանկարները։ Վերջին գործողություններն ավելի են սրում իրավիճակը։ Մենք կոչ ենք անում Բաքվին՝ անհապաղ փոխել իր քաղաքականությունը և պարտավորվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և միջազգային պարտավորությունների և նորմերի հարգմանը։ Եվրամիությունը պատրաստ է աջակցել կողմերին՝ բանակցությունների միջոցով լուծելու իրենց բոլոր տարաձայնությունները։ 

 

Նրանք վստահեցրել են, որ Եվրամիությունը շարունակում է կողմերին՝ բանակցությունների միջոցով իրենց բոլոր տարաձայնությունների լուծմանը աջակցելու իր պատրաստակամությունը:

 

ԵԽ պատգամավորները ցավալի են համարել, որ նման գործողություններ իրականացվել են հենց ապրիլի 24-ի` Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նախօրեին՝ 108 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից բնաջնջման արշավի մեկնարկի տարելիցին:

Քաղաքականություն

Պատահարներ