Արցախի ճակատագրի առաջնային պատասխանատուն Հայաստանն է․ ԱԱԾ-ի պահեստազորի սպաների միություն

Արցախի ճակատագրի առաջնային պատասխանատուն Հայաստանն է: Ստեղծված իրավիճակում չի կարելի քաշվել մի կողմ և ողջ պատասխանատվության բեռը թողնել Ռուսաստանի վրա։ ԱԱԾ-ի պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել և իր խորը մտահոգությունը հայտնել օրերս Բերձորի (Լաչինի) միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետի փաստի կապակցությամբ։

 

«Պաշտոնական Բաքվի այս քայլը 2022 թվականի դեկտեմբերի 12–ից իրականացվող Արցախի շրջափակման համատեքստում է և բերում է իրավիճակի լարվածության աճին։ Կարևորելով ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում՝ ակնկալում ենք, որ նոյեմբերի 9–ի հայտարարության շրջանակներում նրանք ի վերջո կապաշրջափակեն Արցախն ու նորմալ կենսագործության պայմաններ կապահովեն մեր 120 հազար հայրենակիցների համար»,–նշված է հայտարարության մեջ։

 

Միևնույն ժամանակ ԱԱԾ-ի պահեստազորի սպաների միությունն արձանագրել է, որ իրենց համար անընդունելի են ՀՀ իշխանությունների տեսակետները Ղարաբաղյան հակամարտության ու հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։

 

«Արցախի անվտանգությունը և արցախահայության իրավունքները չեն կարող պահպանվել Ադրբեջանի ենթակայության ներքո։ ՀՀ իշխանությունները նախընտրական ծրագրով ներկայացրել են Արցախն Ադրբեջանի կազմում չտեսնելու քաղաքականություն, սակայն ներկայումս անում են ճիշտ հակառակը, ինչն էլ Ադրբեջանին հնարավորություն է տալիս գնալ ապօրինությունների և միաժամանակ հնարավորություն չի տալիս ռուսական կողմին կատարել արբիտրի ֆունկցիա»,–նշված է հայտարարության մեջ։

 

Ընդգծվում է , որ «ամեն գնով խաղաղության հասնելու» ՀՀ իշխանությունների քաղաքականությունն իրականում բերում է մարդկային ու տարածքային նոր կորուստներ, մեծացնում պատերազմի հավանականությունը։

 

ԱԱԾ-ի պահեստազորի սպաների միությունը խնդրի ելքը տեսնում է միասնականության մեջ։

 

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

 

Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։

 

2 ամիս անց այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։

Քաղաքականություն

Պատահարներ