Երևանը պետք է իր ներդրումն ունենա փոխընդունելի լուծումների որոնման հարցում․ Զախարովա

Մենք սկզբունքորեն կարևոր ենք համարում, որ պաշտոնական Երևանը իր ներդրումն ունենա փոխադարձ ընդունելի լուծումների որոնման հարցում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա մեկնաբանել է անցակետի տեղակայումը։

«Ռուսաստանը  հստակ արտահայտել է իր դիրքորոշումը ԱԳՆ-ի այս տարվա ապրիլի 24-ի հայտարարության մեջ։ Ներկայումս, ինչպես տեղում ռուսական խաղապահ կոնտինգենտի միջոցով, այնպես էլ քաղաքական մակարդակով անհրաժեշտ ջանքներ են գործադրվում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնություններին վերադառնալու համար», - հայտարարել է Զախարովան։

Նշենք, որ Բաքուն անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միակ ճանապարհի վրա։

Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ ռուսական խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկի Լաչինի միջանցքը և ապահովի այդ երթուղու բնականոն գործունեությունը։ Ոչ ոք, բացի ռուս խաղաղապահներից, չպետք է վերահսկի Լաչինի միջանցքը, ընդգծել է վարչապետը։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ