Լաչինի ճանապարհը կարող է շահագործվել 3 ուղղությամբ․ Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար  Ջեյհուն Բայրամովն այսօր Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ համատեղ մամուլի ասուլիսում հերթական կեղծիքներն է հնչեցրել։ Խոսելով Լաչինի միանցքում Բաքվի ապօրինի գործողությունների մասին՝ Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանը, իբր, «մանիպուլացնում» է այդ հարցը և ճանապարհը «բաց է երթևեկի համար»։ 

 

«Ադրբեջանական կողմից բազմաթիվ առաջարկներ են արվում։ Դրանցից մեկը Լաչինի ճանապարհի թափանցիկ ռեժիմի ապահովումն է, սակայն հայկական կողմը հրաժարվել է զուգահեռ վերահսկողության առաջարկից։ Նման դեպքում Լաչինի ճանապարհի թափանցիկ վերահսկողություն ապահովելու նպատակով ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը ձեռնարկել է համապատասխան քայլեր՝ հսկիչ բացթողման գործառույթ իրականացնելու համար։ Ըստ հաղորդագրության՝ Լաչինի ճանապարհը կարող է շահագործվել 3 ուղղությամբ՝ քաղաքացիների, բեռների և տրանսպորտային միջոցների համար»,- ասել է Բայրամովը՝ փաստացի հաստատելով, որ Բաքուն խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ իրականացնելով դրանից չբխող գործողություններ։ 

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից փակ է պահում Լաչինի միջանցքը՝ հրաժարվելով կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Բացի այդ, ապրիլի 23-ին էլ ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ ՌԴ-ն դեռ որևէ գործուն քայլ չի ձեռնարկել այս խախտումը վերացնելու համար։

 

Քաղաքականություն

Պատահարներ