Ցավոք, միջազգային արդարադատությունը դանդաղ է աշխատում․ Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում

Եթե մենք շարունակաբար ունենայինք մի իրավիճակ, երբ մի քանի երկրների թույլ տրվեր չկատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, չհետևել ՄԻԵԴ–ի ընդունած միջանկյալ միջոցներին, դա ոչ միայն դատարանի, այլև Եվրոպական խորհրդարանի գոյության վերջը կլիներ: Այս մասին այսօր ԵԽԽՎ–ում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

 

Պատգամավորը հռետորական հարց է հնչեցրել, թե ինչո՞ւ ՄԻԵԴ–ի և Եվրախորհրդարանի գոյությունից 70 տարի հետո դեռ քննարկվում է ՄԻԵԴ-ի որոշումների կատարման, ավելի ճիշտ` չկատարելու հարցը:

 

«Ինչո՞ւ մենք դեռ չենք կարող պետություններին ասել, գիտե՞ք, եթե դուք չեք հետևում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին, որը տաբու է, ապա ձեր վերջին օրերն են այս կազմակերպությունում: Շատ հաճախ մենք իսկապես վախենում ենք տարբեր երկրներում տեղի ունեցող տարբեր իրադարձություններից»,– հայտարարել է պատգամավորը։

 

Նա դիմել է ԵԽ անդամներին` հարց հնչեցնելով, թե դեռ որքան են պատրաստվում հանդուրժել մի իրավիճակ, երբ քաղաքական գործիչներն իրենց անգործությամբ խաթարում են միջազգային դատական համակարգի գոյությունը:

 

«Ցավոք, միջազգային արդարադատությունը դանդաղ է աշխատում, և շատ հաճախ իրական արդարադատության հասնելու համար անհրաժեշտ է միջանկյալ միջոցներ կիրառել, որոնք շատ հաճախ հիմք են հանդիսանում այս կամ այն վերջնական որոշման համար»,– նշել է Վարդանյանը։

 

Նա հիշեցրել է, որ օրեր առաջ Արդարադատության միջազգային դատարանը և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ընդունեցին միջանկյալ միջոցներ Լաչինի միջանցքի իրավիճակի վերաբերյալ` Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքում:

 

«Արդյո՞ք մենք ունենք որևէ արձագանք կամ որևէ պատշաճ արձագանք: Քաղաքական գործիչների անգործությունը խաթարելու է միջազգային դատական համակարգի գոյությունը: Իսկ առանց միջազգային դատական համակարգի մենք չենք կարող առաջ շարժվել, քանի որ մեր կազմակերպությունը ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանության համար»,– շեշտել է Վարդանյանը։

Քաղաքականություն

Պատահարներ