ԱՄՆ-ը ռուսներին թշնամի չի համարում. Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան

Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին Ռուսաստան է ժամանել այս տարվա հունվարին, սակայն առաջին անգամ է հարցազրույց տվել:

«Կոմերսանտ»-ի հետ զրույցում նա գնահատել է երկկողմ հարաբերությունների վիճակը և սպառազինությունների վերահսկման հեռանկարները, ասել է, թե ինչն է իրեն զարմացրել Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում, ինչպես նաև պատասխանել լրագրողներին վիզաներ չտրամադրելու վերաբերյալ հարցերին: 

 

Թրեյսին նշել է, որ հավատում և աջակցում է հանրային դիվանագիտությանը, հայտնել, որ սիրում է ռուսներին.

«Ինչպիսի տարբերություններ էլ ունենանք մենք՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանի կառավարության հետ, դրանք հակասություններ չեն Ռուսաստանի ժողովրդի հետ»,- ասել  է Թրեյսին՝ հավելելով, որ տխուր է տեսնել, թե ինչ ուղղությամբ է շարժվում Ռուսաստանը:

 

Դեսպանի խոսքով՝ ռուս-ամերիկյան հարաբերությունները գտնվում են ամենացածր կետերից մեկում, թեպետ ժամանակին այդպես չի եղել:

 

«2014 թվականին մենք տեսանք, թե ինչպես Ռուսաստանը գնաց ծայրահեղ ապակայունացման ճանապարհով՝ անօրինական կերպով միացնելով Ղրիմը և ապակայունացնելով իրավիճակը Դոնբասում։ Այդ պահին Ռուսաստանի գործողությունները հակազդեցություն առաջացրեցին ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Արևմտյան Եվրոպայի հարևանների շրջանում։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման արձագանքը չափազանց կոշտ էր:

 

Պարզապես չեմ տեսնում, թե ինչպես կարելի է պնդել, որ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի նկատմամբ բարձրացրել են Ռուսաստանի ռազմավարական անվտանգությունը: Ինչպե՞ս են այն ուժեղացրել։ Ի վերջո, սա է այն փաստարկը, որն օգտագործում է Ռուսաստանը՝ պնդելով, որ մտահոգված է սեփական անվտանգության համար։ Անվտանգության իրավիճակի բարելավում չեմ տեսնում. Սա վերաբերում է նաև տնտեսական անվտանգությանը»,- ասել  է Թրեյսին։

 

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը ռուսներին թշնամի չի համարում։

Քաղաքականություն

Պատահարներ