Հայաստանն ակնկալում է Ֆրանսիայի աջակցությունը. Գրիգորյան

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծում է, որ Ֆրանսիան կարող է օգտակար լինել Հայաստանին թե երկրի անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը: 

 

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը նման կարծիք հայտնեց Ջերմուկում լրագրողների հետ զրույցում։

 

«Ֆրանսիան միանշանակ բազմաթիվ հարցերում կարող է օգտակար լինել և օգնել Հայաստանին։ Գիտեք, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստան է ուղարկվել Պրահայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով, որում կարևոր դերակատարում է ունեցել Ֆրանսիայի նախագահը։ Ֆրանսիան շարունակում է ճանապարհներ փնտրել Հայաստանին օգնելու հարցում։ Նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝  շարունակում է հետաքրքրված մնալ ԼՂ հարցով։ Գիտեք, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հետ Հայաստան է ժամանել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը։ Այս պահին մենք տեսնում ենք Ֆրանսիայի կողմից մեծ հետաքրքրություն, որպեսզի կարգավորվի իրավիճակը Լաչինի միջանցքում»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

 

Նա հավելել է, որ Հայաստանը իր միջազգային գործընկերների հետ ինտենսիվ աշխատում է, որպեսզի միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկվի Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ՝ նշելով, որ այդ հարցը քննարկում են նաև Ֆրանսիայի հետ և ակնկալում են, որ աջակցություն կստանան։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ