Խաղաղության պայմանագրի հարցում ԱՄՆ–ից ճնշումներ կան ՀՀ իշխանության նկատմամբ. «Հրապարակ»

ՀՀ իշխանությունների նկատմամբ ԱՄՆ–ից ճնշումներ կան հնարավորինս սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագիրը ստորագրելու հետ կապված։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը` նշելով, որ իշխանական թիմում են այս մասին խոսում։

 

Թերթն ընդգծում է` անգամ խոսում են, որ մինչև մայիսի վերջ պետք է դրա նախնական տարբերակին կողմերը հավանություն տան, և որ պայմանագրի, այսպես կոչված, սևագիր տարբերակն օրերս Հայաստան է բերել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը, որը Երևանում հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ, ապա մեկնեց Ադրբեջան։

 

«Փաստաթղթի բովանդակության մասին մանրամասներ հայտնի չեն, սակայն կան տեղեկություններ, որ այն բոլորովին չի բխում Հայաստանի և Արցախի շահերից։ Մանավանդ, եթե հաշվի առնենք շաբաթներ առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը, թե մի քանի ամիս առաջ առաջարկներ են ուղարկել Հայաստանին և արձագանք չեն ստացել։ Սա խոսում է այն մասին, որ այդ առաջարկներն այնքան վատն են, որ անգամ Նիկոլ Փաշինյանը դրանց չի համաձայնում»,– գրում է թերթը։

 

Նշենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ