Մենք ցանկանում ենք, որ Ստեփանակերտն ու Բաքուն բանակցեն. Կոլոննա

Ցանկություն կա, որ միջազգային հանրության աջակցությամբ բանակցություններ սկսվեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և ադրբեջանական իշխանությունների միջև։ Այս մասին այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։

 

Նա կարծում է, որ կողմերը պետք է խոսեն բնակչության իրավունքների և երաշխիքների բովանդակության շուրջ։

 

«Սա ենթադրում է, որ պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն նման բանակցությունների համար, մասնավորապես՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման հարցի վերաբերյալ»,– հայտարարել է նա։

 

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հավելել է, որ իր երկիրը կաջակցի ցանկացած լուծման, որը հնարավորություն կտա երաշխավորել, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը կարող է շարունակել ապրել այնտեղ ապահով՝ պահպանելով իր պատմությունը, ժառանգությունը և մշակույթը:

 

Անդրադառնալով Լաչինի միջանցքի փակ լինելուն` նա հայտարարել է , որ դա անընդունելի է։

 

«Այս իրավիճակն անընդունելի է, քանզի Լեռնային Ղարաբաղի բնակչության համար հղի է տնտեսական և մարդասիրական ճգնաժամի լուրջ վտանգներով»,– ասել է ֆրանսիացի նախարարը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ