Լավրովը հայտարարել է Ռուսաստանին մեկուսացնելու Արևմուտքի ձախողման մասին

Արևմտյան երկրների՝ Ռուսաստանին մեկուսացնելու գիծը լիակատար կերպով ձախողվել է, իսկ Վաշինգտոնի և դրա արբանյակների ջանքերը՝ ստիպելու միջազգային հանրությանը ապրել հորինված «կանոնների վրա հիմնված կարգով», ձախողվում են։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

 

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ գլոբալ բազմաբևեռության շարժումն այսօր փաստ է, աշխարհաքաղաքական իրականություն։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են նոր համաշխարհային կենտրոններն առաջին հերթին Եվրասիայում, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, տպավորիչ հաջողությունների հասնում տարբեր ոլորտներում՝ հենվելով ինքնուրույնության, պետական ինքնիշխանության և մշակութային ու քաղաքակրթական ինքնության վրա»,– ասել է Լավրովը Բազմաբևեռության համաշխարհային առցանց խորհրդաժողովի մասնակիցներին և կազմակերպիչներին ուղղված ուղերձում:

 

ՌԴ արտգործնախարարի տեսանկյունից` ժամանակակից բազմաբևեռ աշխարհում առճակատման միակ խելամիտ այլընտրանքը մնում է առանցքային համաշխարհային կենտրոնների ջանքերի միավորումը ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների հիման վրա, ներառյալ՝ գործնականում պետությունների ինքնիշխան հավասարության նկատմամբ հարգանքի ապահովումը:

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանը բազմիցս տարբեր մակարդակներում հայտարարել է գլոբալ գերիշխանության անթույլատրելիության մասին, որին ձգտում է ԱՄՆ-ն, ինչպես նաև հանդես է եկել բազմաբևեռ աշխարհի հայեցակարգի օգտին:

Քաղաքականություն

Պատահարներ