Թուրքական կողմը միայն արգելում է իր օդային տարածքով այլ երկրներ թռչելը․ Անանյան

FlyOne Armenia ավիաընկերությունը երեկ եւ այսօր Թուրքիայի օդային սահմանով նախատեսված չվերթներ չի իրականացրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

 

Անանյանը նշել է, որ թուրքական արգելքի հետեւանքով միայն Փարիզ-Երեւան չվերթն էր, որը հարկադրված վայրէջք էր կատարել այլ երկրում:

 

Հարցին, թե թուրքական կողմն արգելքի համար ի՞նչ պատճառաբանություն է ներկայացնում եւ ինչ աշխատանքներ են տարվում այն վերացնելու համար, Անանյանը նշեց, որ այս պահին նորություն ասել չի կարող:

 

«Հենց տեղեկություն ստանանք, միանգամից կիրազեկենք: Ավիաընկերությունը կիրառելու է իր տրամադրության տակ եղած ողջ գործիքակազմը, որ իր ուղեւորների ճամփորդական պլանները փոփոխություն չկրեն»,- ասել է Անանյանը:

 

Ժամը 00:55-ին սպասվում է Երեւան-Ստամբուլը չվերթը, որը չեղարկված չէ:

 

«Թուրքական կողմը միայն արգելում է իր օդային տարածքով այլ երկրներ թռչելը, դեպի Ստամբուլ չվերթները չեղարկված չեն: Առաջիկա օրերին սպասվող չվերթները դեռ չեն հետաձգվել, համագործակցում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ չվերթներն իրականացնելու համար»,- ասել է Անանյանը:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու ապրիլի 29-ին չեղարկել են Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։

Քաղաքականություն

Պատահարներ