Միջնորդի անվան տակ հանդես են գալիս նրանք, ովքեր այս տարածաշրջանին խաղաղություն չեն ցանկանում

Ռուսաստանը մշտապես զբաղվում է հայ-ադրբեջանական կարգավորմամբ, չնայած այն հանգամանքին, որ «մոդերաորների» դեր կատարելու ցանկացողները շատացել են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

 

«Իհարկե, ոչ միայն ԱԳՆ-ն, մեր դեսպանատունը, մեր փորձագետներն աշխատում են ամենօրյա ռեժիմով, մեր խաղաղապահ զորակազմն ապահովում է անվտանգությունը, սահմանապահները և այլն: Դուք տեսնում եք ակտիվություն բարձր մակարդակով, ինչպես են աշխատում արտգործնախարարները, մենք հատուկ ներկայացուցիչներ ունենք», - ասել է նա:

 

Զախարովան նշել է, որ կարգավորմանը ՌԴ-ի մասնակցության գործընթացն ընթանում է առանց արձակուրդային ընդմիջումների կամ ինչ-որ հանգստի: Բազմամյա բարդագույն հակամարտությունը վերջապես գործնական առումով կարգավորման հնարավորություն է ստացել։

 

«Կողքից մոդերացիա անել ցանկացողները շատացել են։ Աչք ծակող լուրեր հայտնվեցին, որ, հնարավոր է, ԱՄՆ-ն դրա համար նույնիսկ ուժային հնարքներ է օգտագործում։ Դա հաստատ լրացուցիչ տարր չի բերում կարգավորման գործընթացին, այլ միայն բարդացնում ու հետ է շպրտում այն։ Մենք հասկանում ենք, թե ինչի համար է դա արվում։ Քանի որ այն նախաձեռնողական քայլերը, որոնք մեր երկիրը ձեռնարկել է 2020 թվականից ի վեր՝ որպես իրական միջնորդ, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի իրական բարեկամ, որը ցանկանում է կարգավորել այս իրավիճակը, շոկ են առաջացրել Արևմուտքում», - ասել է նա։

 

Զախարովան նշել է, որ «մոդերատորների և միջնորդների անվան տակ հանդես են գալիս նրանք, ովքեր այս տարածաշրջանին խաղաղություն և բարգավաճում չեն ցանկանում»:

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ–ում դիվանագիտական աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Վաշինգտոնը վերջնագրային ձևով պարտադրում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին երրորդ երկրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իսկ հրաժարվելու դեպքում սպառնում է ադրբեջանական հակաահաբեկչական գործողություն անցկացնել: Գործակալության զրուցակցի խոսքով՝ ամերիկյան խաղաղապահ նախաձեռնության լոբբինգն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը, որի շահերը լիովին համընկնում են ադրբեջանականի հետ:

Քաղաքականություն

Պատահարներ