Գրիգոր Մինասյանը շարունակում է զբաղվել ձեռնարկատիրությա՞մբ․ «Փաստինֆո»

2023 թվականի մայիսի 16-ին ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրել է 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի իր հայտարարագիրը, որտեղ գույքը հավատարմագրային կառավարման հանձնված լինելու բաժնում նշել է, որ «Էյ Էմ» իրավաբանական ընկերության իր բաժնեմասը 2022 թվականի հունվարի 14-ին կնքված պայմանագրով երեք տարի ժամկետով հավատարմագրային կառավարման է հանձնել Նարինե Սարգսյանին:   
 
Ինչպես գրում է «Փաստինֆո»-ն՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի ունեցած բաժնեմասի հավատարմագրային կառավարիչ կարող են լինել անհատ ձեռնարկատերերը և առևտրային կազմակերպությունները: 

Լրատվամիջոցը նկատում է, որ Նարինե Սարգսյանը ոչ առևտրային կազմակերպություն է, ոչ էլ՝ ԱՁ, քանի որ նախ՝ այդ դեպքում հայտարարագրում պետք է նշվեր նրա ԱՁ լինելու մասին, երկրորդ՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կայքում չի հայտնաբերվում «Նարինե Սարգսյան» անհատ ձեռնարկատեր: Մնում է ենթադրել, որ խոսքը նույն «Էյ Էմ» իրավաբանական ընկերության փաստաբան Նարինե Սարգսյանի մասին է, ով մի քանի տարի է, ինչ աշխատում է այնտեղ: 
   
«Փաստորեն, եթե մեր ենթադրությունը ճիշտ է, ապա Գրիգոր Մինասյանը ոչ միայն խախտել է գույքը միայն առևտրային կազմակերպությանը կամ ԱՁ-ին հավատարմագրային կառավարման հանձնելու օրենսդրական պահանջը՝ դրա հավատարմագրային կառավարումը հանձնելով ԱՁ չհանդիսացող անձի, այլև ինքն իրականում չի մեկուսացել իր գույքի կառավարումից, քանի որ գույքը հավատարմագրային կառավարման է հանձնել մի անձի, որի ամենօրյա գործունեությանը կարող է միջամտել ցանկացած ժամանակ, եթե ոչ անձամբ, ապա իր ընկեր Կարեն Անդրեասյանի կին, այդ ընկերության տնօրեն Եվա Առաքելյանի միջոցով: 

Թվարկված խախտումները վկայում են այն մասին, որ Գրիգոր Մինասյանը նախորդ պաշտոնը ստանձնելուց հետո ամենայն հավանակությամբ շարունակվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, որպիսի հանգամանքը պարզելու վերաբերյալ մի քանի օր առաջ, մեր տեղեկություններով, վարույթ հարուցելու դիմում է ներկայացվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»,- գրում է կայքը: 

Քաղաքականություն

Պատահարներ