«Ապակառուցողական կողմն Ադրբեջանն է». ԱԳ փոխնախարար

ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներին․ 

 

«Այն գործողությունները, որ Ադրբեջանի ղեկավարությունն անում է, մասնավորապես, լարվածությունը թե՛ Հայաստանի սահմանին, թե՛ իրավիճակի լարումը ԼՂ-ում, միանշանակ չեն նպաստում տարածաշրջանում խաղաղություն կառուցելուն և կասկածի տակ են դնում Ադրբեջանի հայտարարությունները, թե իրենք իսկապես հետաքրքրված են կայունության և խաղաղության հաստատմամբ»,- նշել փոխնախարարը:

 

Անդրադառնալով տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, մասնավորապես, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարություններին` Կոստանյանը նշել է, որ Հայաստանի համար կարևոր է ֆիքսել սկզբունքները, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա կողմերի իրավազորության և ինքնիշխանության հիման վրա. 

 

«Եթե մինչ այսօր մեզ չի հաջողվել ֆիքսել, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու ինքնիշխանության և իրավազորության սահմաններում, բնականաբար, ապակառուցողական կողմն Ադրբեջանն է»։

 

Ըստ նրա` դեռևս 2021թ․ հունվարից Հայաստանը մշտապես կառուցողական և շահագրգռված է եղել՝ իրականացնելու ապաշրջափակման գործընթացը․

 

«Մենք հետաքրքրված ենք տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակմամբ, քանի որ կարծում ենք, որ «Հայկական խաչմերուկ» ծրագիրը մեծ պոտենցիալ ունի՝ հաշվի առնելով այն աշխարհաքաղաքական զարգացումները և լոգիստիկ խնդիրները, որոնց այսօր աշխարհը բախվում է»։

Քաղաքականություն