Դատարանն արգելել է Թրամփին տվյալներ հայտնել գաղտնի փաստաթղթերի գործով

ԱՄՆ Ֆլորիդայի դատարանն արգելել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփին և նրա փաստաբաններին գաղտնի փաստաթղթերի գործով տեղեկության հրապարակումը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով դաշնային դատավոր Բրյուս Ռայնհարթի որոշմանը։ 

Հատուկ դատախազ Ջեք Սմիթը պահանջել է Թրամփին արգելել գործի վերաբերյալ ապացույցների և այլ տեղեկությունների հրապարակումը։

Դատարանի որոշմամբ՝ նախկին նախագահը գործի նյութերին կարող է ծանոթանալ միայն փաստաբանների ներկայությամբ, նրան արգելվում է պատճենները պահել։ 

Դատավորի որոշումը Թրամփին արգելում է գործի մասին տեղեկատվություն տարածել լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերում և մեդիա հարթակներում՝ առանց դատարանի նախնական ծանուցման և համաձայնության։ Արգելքը խախտելու դեպքում նախկին նախագահին սպառնում է քրեական մեղադրանք դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, հայտնում է ABC News-ը: 

Հատուկ դատախազն իր միջնորդության մեջ նշել է, որ գործի նյութերը պարունակում են «զգայուն գաղտնի տեղեկատվություն», այդ թվում՝ անձնական տվյալներ, հետաքննության մեթոդների մանրամասներ և հնարավոր վկաներ։ Այս տեղեկատվության բացահայտումը կարող է վտանգել ընթացող հետաքննությունները և բացահայտել անձանց, որոնց մեղադրանք չի առաջադրվել, ասել է Սմիթը: 

Քաղաքականություն

Պատահարներ