Խուսափում են վարչապետի հետ առերեսվելուց, քանի որ հօդս կցնդեն մինչ օրս նրանց հնչեցրած կեղծ մեղադրանքները. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների համատեղ տարածած հայտարարությանը, որով վերջիններս հայտնել են՝ չեն պատրաստվում մասնակցել վաղը կայանալիք 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին, որի ժամանակ ցուցմունք է տալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Ըստ Չախոյանի՝ սա ոչ այլ ինչ է, քան անպատասխանատվության վառ մարմնավորում։ 

 

«Մեղադրում են վարչապետին պատերազմի պարտության մեջ, բայց հրաժարվում են մասնակցել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին, որտեղ վարչապետը հրապարակային ցուցմունք պետք է տա։ Մնում է ենթադրել, որ ընդդիմադիր պատգամավորները կա՛մ ասելիք չունեն վարչապետին, կա՛մ խուսափում են նրա հետ առերեսվելուց, քանզի հօդս կցնդեն մինչ օրս նրանց հնչեցրած կեղծ մեղադրանքները։

Նման գործելակերպը խորթ չէ խորհրդարանական ընդդիմությանը, բազմաթիվ  են դեպքերը, երբ վարչապետի ելույթների ժամանակ փախել են ԱԺ դահլիճից։  Ոնց միշտ փախել են, էլի փախան»,- գրել է Կառավարության անդամը:

 

Նշենք, որ  ԱԺ 44-oրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում վաղը՝ հունիսի 20-ին, խոսելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քաղաքականություն

Պատահարներ