«Բաքվին կոչ ենք անում ԼՂ բնակիչներին Երևանի հետ տարաձայնությունների պատանդ չդարձնել». Զախարովա

Մոսկվան Բաքվին կոչ է անում Ղարաբաղի բնակչությանը Երևանի հետ տարաձայնությունների պատանդ չդարձնել։

 

«Մենք կոչ ենք անում Երևանին չհրաժարվել եռակողմ ֆորմատով աշխատանքներից։ Դա բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի իրավիճակի վրա և հանգեցնում իրավիճակի սրմանը։ Մենք Բաքվին կոչ ենք անում մարդասիրական նպատակներով քայլեր ձեռնարկել միջանցքի ամբողջական ապաշրջափակման ուղղությամբ և Ղարաբաղի բնակչությանը Երևանի հետ քաղաքական տարաձայնությունների պատանդ չդարձնել»,– ասել է Զախարովան։

 

Նրա խոսքով` Մոսկվան շարունակում է աշխատել Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու ուղղությամբ` ռուսական խաղաղապահ զորակազմի գծով և այլ ուղիներով։

 

«Մենք ակնկալում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերը կշարունակեն կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով նախատեսված բոլոր պարտավորությունները։ Դա առաջնահերթություն է»,– նշել է Զախարովան։

 

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ էր տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։

 

Հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։

 

Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից:

Քաղաքականություն

Պատահարներ