«Փաշինյանն այսօր խոսելու, արդարանալու, առավել ևս նախկիններին մեղադրելու տեղ պարզապես չունի». Օսկանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խոսելու, արդարանալու, առավել ևս նախկիններին մեղադրելու տեղ պարզապես չունի։ Այս հայտարարությունն արել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

 

Նրա խոսքով` այն, ինչ կատարվում է Հայաստանում և նրա շուրջ 2018-ի ապրիլից հետո, երկրի առաջին դեմքի, նրա՝ գլխավոր հրամանատարի և արտաքին քաղաքականության միանձնյա պատասխանատուի ձախողումն է

 

«Եթե այսօր նա հասած լիներ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, բացած լիներ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանը, առանց պատերազմի ու զոհերի պահած լիներ Արցախը՝ ԼՂԻՄ-ի սահմաններով ու միջանցքով, միայն այդ ժամանակ իրավունք կունենար մեղադրելու նախկիններին այդ ամենը երեսուն տարի անել չկարողանալու համար»,– գրել է Օսկանյանը ֆեյսբուքյան էջում։

 

Ըստ նախկին արտգործնախարարի` 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը զգաց և գիտակցեց զոհերի և կորուստների իր մեղքն ու պատասխանատվությունը, նրա մոտ միանգամից ի հայտ եկավ պատասխանատվությունից խուսափելու, ինքնամաքրման, խղճի հանգստության մարդկային բնազդը։ Բայց Օսկանյանի խոսքով` մարդկային բնազդներն ու զգացումները տեղ չունեն պետական և միջազգային հարաբերություններում։

 

«Փաշինյանի դիլեման այն է, ինչը և ավելի է ծանրացնում ու խորացնում նրա պատասխանատվությունն ու մեղքը, որ նախկին երեք նախագահներից նա ստացել էր այնպիսի ժառանգություն, որ 2018-ից սկսած կարող էր անել այն, ինչ ես նկարագրեցի վերևում՝ հաշվի առնելով նաև նրա հանրային լայն աջակցությունը 2018-ի իշխանափոխությունից հետո։ Նա, սակայն, փոշիացրեց այդ ամենը»,– նշել է նախկին արտգործնախարարը։

 

 

Օսկանյանը վստահ է` եթե Փաշինյանն ունենար դիվանագիտական նվազագույն հմտություն, նախ երկիրը կխուսափեր պատերազմից և այսօր կունենայինք Արցախ՝ ԼՂԻՄ-ի ամբողջական տարածքով, 20 կմ Լաչինի միջանցքով՝ ճանաչված Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային հանրության կողմից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից երաշխավորված միջանկյալ կարգավիճակով, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բաց սահմաններով։

Նա հիշեցնում է` այս ամենը սևը սպիտակի վրա նկարագրված է Մադրիդյան փաստաթղթում։

 

«Հայաստանի՝ ռազմաքաղաքական նվազագույն հմտություններից զուրկ որևէ ղեկավար չէր կարող հաջողություն ունենալ։ Փաշինյանը չուներ և հիմա էլ չունի այդ հմտությունները»,– գրել է Օսկանյանը։

 

Նախկին արտգործնախարարը վստահեցրել է, որ այսօր կա խաղաղ և դիվանագիտական այլընտրանք այն ամենին, ինչ արվում է, իսկ միջազգային հանրությանը հետաքրքրում է հարցի լուծումը, այլ ոչ թե լուծման բովանդակությունը։

 

«Նրանք, հատկապես Արևմուտքը, այսօր մեծ կորովով աջակցում են Փաշինյանին, որովհետև ի դեմս նրա տեսել են մարդու, որն իրենց հարցի լուծման ամենահեշտ ու կարճ ճանապարհի հնարավորություն է ընձեռել։ Այն պահին, երբ Հայաստանը կարողանա հմուտ ու տրամաբանված նոր ձևակերպում տալ հարցի լուծման իր մոտեցումներին, նրանց մոտ միանշանակ դիրքորոշումների փոփոխություն կլինի»,– գրել է նա։

 

Ամփոփելով իր գրառումը` Օսկանյանը նշել է, որ Հայաստանի նման երկրի առաջնորդությունը Նիկոլ Փաշինյանի հագով չէր։ Մաքրման և խղճի հանգստության ամենաուղիղ ու կարճ ճանապարհը, նրա կարծիքով, ՀՀ վարչապետի ինքնակամ հրաժարականն է և երկրի ղեկավարման հանձնումը ռազմաքաղաքական և դիվանագիտական հարցերում ձեռնհաս մարդու։

 

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարել էր, որ Մադրիդյան սկզբունքներով Ադրբեջանը զրոյացրել է 1989-91 թվականի իրավական բազան, ներքին լեգիտիմության մեր իրավունքը և վետոյի իրավունք է ստացել ԼՂ կարգավիճակի հարցում։

 

Քաղաքականություն

Պատահարներ