Ավտոմեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը կրկին երկարացվել է

Հայաստանից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը կերկարացվի մինչև տարեվեջ։ Կառավարությունը գործող արգելքը ևս 6 ամսով երկարացնելու որոշում է կայացրել։

 

Արգելքի անհրաժեշտությունը հիմնավորվում է հանրապետությունում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու և կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։

 

Հիշեցնենք` 2022 թվականի դեկտեմբերի 15-ին ընդունված որոշմամբ սահմանվող արգելքի ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունիսի 25-ին։ Նոր որոշումը կգործի մինչև դեկտեմբերի 25-ը։

 

Քանի որ առանց չեզոքացուցիչի մեքենաները Հայաստան արգելված է ներմուծել, մեր երկրում մեծ տարածում է գտել մեքենաներից կատալիզատորը հանելու պրակտիկան։ Կատալիզատորը մեքենայից հանելու և վաճառելու պատճառը դրանում առկա թանկարժեք մետաղներն են։

Խնդիրը լուծելու համար կառավարությունը ոչ միայն արտահանման արգելք է սահմանել, այլև 2024 թվականի հունվարի 1-ից սկսած արգելել է առանց կատալիզատորի ավտոմեքնաների տեխնիկական զննություն անցնել։

 

Քաղաքականություն

Պատահարներ