«Չգիտես լաս, թե՞ խնդաս». Հակոբյանը պատասխանել է Սիմոնյանին

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի:

 

«Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահը գրում է, որ. «ԼՂ պատգամավոր Մետաքսե Հակոբյան հայտարարել է, որ ես իբր շրջափակումից հետո ոչ մի անգամ ԼՂ ԱԺ նախագահի հետ չեմ կապնվել:

Տեղեկացնեմ, որ այս տեղեկությունը բացարձակ սուտ է: Շրջափակումից հետո ես ու ԼՂ ԱԺ նախագահ մեկ անգամ չէ, որ շփվել ենք, բազմիցս զրուցել ենք: Շրջափակումից հետո, նաև բազմաթիվ շփումներ են եղել ԼՂ նախագահ՝ Արայիկ Հարությունյանի հետ։ Նշեմ նաև, որ դեռևս փետրվարին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին առաջարկել ենք միջխորհրդարանական հանձնաժողովի հեռավար նիստ անցկացնել: Արցախի ԱԺ նախագահը խնդրեց հետաձգել՝ պատճառաբանելով իր առողջական խնդիրը, և խոստացան զանգել, որ պայմանավորվենք նիստի անցկացման համար:

Այդպես էլ չզանգեցին:

Վերոնշյալ պատգամավորին առաջարկում եմ զերծ մնալ խոհանոցային մակարդակի խոսակցություններն օրակարգ բերելուց, հերքել իր կողմից տարածած սուտը և սեպ չխրել մեր հարաբերությունների մեջ»: 

 

Իմ խոսքից վրդովվելուց առաջ, նախ համարձակություն ունեցեք հնչեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն ( հիշեցնեմ մեր պետությունն այդպես է կոչվում):

Վերոնշյալ անձին առաջարկում եմ հերքում կամ հաստատում պահանջել հասցեատերերից: Հ.Գ. ու չգիտես լաս, թե՞ խնդաս...

Հ.Հ.Գ. հա ու նաև, Արցախը 203 օր կտրված է աշխարհից, խանութները դատարկ են, տեղաշարժը՝ անհնար, թշնամին կրակում է...իսկ ՀՀ ԱԺ նախագահը փետրվարից Արցախի Հանրապետությունից զանգի է սպասում»,-նշում է Հակոբյանը:

Քաղաքականություն

Պատահարներ