«Կոսովոյի վարչապետը մտադիր է նոր հարձակում կազմակերպել սերբերի վրա». Վուչիչ

Չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին մտադիր է նոր հարձակում կազմակերպել սերբերի վրա այն ժամանակ, երբ Կիեւը հակահարձակման շրջանակներում նոր հարձակում կկազմակերպի, որը կարող է տեղի ունենալ մինչեւ հուլիսի 11-12-ը Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը։ Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

«Այժմ ես Ուկրաինայից ակնկալում եմ մեծ հարձակողական գործողություն երկու ուղղությամբ՝ մեկը Բախմուտի ուղղությամբ, իսկ մյուսը՝ շատ ավելի նշանակալից՝ Էներգոդարի և Մելիտոպոլի ուղղությամբ։ Կարծում եմ, որ նրանք ունեն մի քանի տասնյակ բրիգադներ: Պարզապես կարծում եմ, որ դա տեղի կունենա: Իհարկե, հսկայական զոհողություններով», - ասել է Վուչիչը TV Prva-ի եթերում:

 

«Երբ սա սկսվի. Կոսովոյում կտեսնեք Կուրտիի հարձակողական գործողությունը: Վախենում եմ, որ ահաբեկչությունն էլ ավելի կուժեղանա: Նա իրեն ներկայացնում է որպես Զելենսկի՝ ալբանացի նոր առաջնորդ, որը կմիավորի բոլոր ալբանական հողերը»:

 

Սերբիայի նախագահն առանձին նշել է, որ Ուկրաինան հակահարձակումը դիտարկում է որպես քայլ, որը կփոխի պատերազմի ընթացքը եւ թույլ կտա ստանալ ՆԱՏՕ-ին անդամակցելու տոմս, ինչը հատկապես կարեւոր է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի նախաշեմին:

Քաղաքականություն

Պատահարներ