Մարությանը վերջնական որոշում չունի, հուլիսի վերջ պարզ կլինի․ Աբգարյանը՝ քաղաքապետի ընտրությունների մասին

Օրեր առաջ մամուլը գրել էր, թե Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը օրերս ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան և Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշման հանգել։ 

 

MediaHub-ին ավելի վաղ Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն ասել էր, որ սպասում է Մարությանի կողմնորոշմանը։ 

 

Լրատվականը հետաքրքրվել է թե արդյո՞ք Մարությանը վերջնական որոշում է կայացրել, Աբգարյանը պատասխանեց, որ այս մասին հստակ ոչինչ չկա։

 

«Մարությանն այս պահին վերջնական որոշում չունի։ Բնականաբար, ինձ էլ այս ընթացքում չէր կարող առաջարկել մասնակցել ընտրություններին։ Ես, իհարկե, նրա հետ զրույց եմ ունեցել, հայտնել, որ եթե ինքը ընտրություններին գնա, իր հետ եմ լինելու։ Հրավիրելու հարց չկա, չեմ սպասելու Մարությանն ինձ կհրավիրի, թե ոչ։ Իմ վերջնական որոշումն այն է, որ եթե Մարությանը մասնակցում է ընտրություններին, ես իր հետ մտնում եմ պայքարի մեջ, եթե ոչ, ապա չեմ մասնակցելու»,-ասել է Իզաբելլա Աբգարյանը։

 

Դիտարկմանը, որ մամուլը ԱՄՆ-ից վերադարձը կապել էր ընտրություններին մասնակցելու հետ՝ Աբգարյանն արձագանքեց, որ Մարությանն ամեն դեպքում վերադառնալու էր, սա ոչինչ չի նշանակում։

 

«Ես նաև տեղյակ եմ, որ Մարությանը գործուղումներով շուտով Եվրոպա պետք է մեկնի։ Իր գործերն ունի, այնպես որ, վերջնական պատասխան հիմա չկա, կարծում եմ՝ հուլիսի վերջ ամեն ինչ պարզ կլինի, որովհետև ժամանակն արդեն քիչ է»,-ամփոփել է նա։

 

Հիշեցնենք, որ այս պահին մի քանի ուժ արդեն հայտարարել է ընտրություններին մասնակցության մասին։ Թեկնածուների անուններն ակտիվ շրջանառվում են․ ՔՊ-ն գնում է ընտրությունների Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը հաստատել է, որ իր թեկնածուն Մանե Թանդիլյանն է, «Ուժը հայրենյաց» կուսակցության թեկնածուն կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինն է՝ Նատալյա Ռոտենբերգը, ԼՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն է։ Ընդդիմադիր երկրորդ ուժը համարվող ԲՀԿ-ն, որն այս պահին էլ Երևանի ավագանիում խմբակցություն ունի, դեռ հստակ որոշում չունի։

Քաղաքականություն

Պատահարներ