«Փաստը հստակ ցույց է տալիս, թե ով է ագրեսորն այս հակամարտության մեջ»․ Սարգիս Խանդանյան

ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամները Կանադայի Վանկուվեր քաղաքում մասնակցել են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 30-րդ նստաշրջանի աշխատանքներին: ԵԱՀԿ ԽՎ քաղաքականության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

 

«Պարո՛ն նախագահ, ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Կաշյունասին զեկույցի և բանաձևի պատրաստման համար:

Ցավոք, Բիրմինգհեմի հռչակագրի ընդունումից հետո Հարավային Կովկասում և Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը շարունակում է վատթարանալ: Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ենթարկվել է դաժան ագրեսիայի, ինչը հանգեցրել է մեր ինքնիշխան տարածքի մի մասի օկուպացիայի: Այս բռնությունները դադարեցվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների ակտիվ միջամտության շնորհիվ:

 

Ամեն օր Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, գնդակոծում մարտական դիրքերը, քաղաքացիական ենթակառուցվածքներն ու Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակչությանը: Վերջերս Ադրբեջանը նաև սկսել է թիրախավորել իմ երկրի տնտեսական զարգացումը՝ գնդակոծելով ամերիկյան ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանը:

 

Բարեբախտաբար, այժմ Հայաստանի սահմանի երկայնքով գործում է հրադադարի ռեժիմի խախտումներն ու սահմանային լարվածությունն արձանագրող և այդ մասին այս վեհաժողովի անդամ մի շարք երկրներին զեկուցող մեխանիզմ: Խոսքը Հայաստանում 2 տարի ժամկետով տեղակայված Եվրոպական միության քաղաքացիական մոնիտորինգային առաքելության մասին է, որի նպատակն է նպաստել սահմանամերձ շրջաններում կայունությանը, ինչի համար ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ԵՄ բոլոր անդամ երկրներին առաքելություն ծավալելու համաձայնության համար և հատկապես Ավստրիային, Ռումինիային, Սլովակիային, Լատվիային, Լիտվային և Էստոնիային՝ այս որոշման կայացման գործում իրենց ակտիվ ներգրավվածության համար:

 

Նույն մեխանիզմը Եվրամիության կողմից առաջարկվել է նաև Ադրբեջանին, սակայն վերջինս հրաժարվել է ընդունել այն: Գուշակեք, թե ինչու: Այս փաստը հստակ ցույց է տալիս, թե ով է ագրեսորն այս հակամարտության մեջ:

 

Հարգելի՛ գործընկերներ, քանի որ կոնֆլիկտային այլ համատեքստերում մենք հստակ նշում ենք, թե ով է ագրեսորը և ով է զոհը, կարևոր է դա նշել նաև այս համատեքստում. այն օգնում է բացահայտել խնդիրները և լուծումներ գտնել դրանց համար: Այն փոփոխությունները, որոնք ես առաջարկել եմ այս բանաձևում, ծառայում են այդ նպատակին:

 

Կարծում եմ, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը պետք է ավելի ակտիվ լինի մեր տարածաշրջանում կազմակերպության դերի և ներգրավվածության ամրապնդման գործում»,- ընդգծել է Սարգիս Խանդանյանը:

Քաղաքականություն

Պատահարներ