Սեղանի շուրջ նստելու համար առաջին պայմանը Պաշտպանության բանակի լուծարումն է. Արայիկ Հարությունյան

«Վիճակը հարաբերական կայուն է, սահմանին, իհարկե, կրակոցներ կան, բայց շատ քիչ: Բոլոր սցենարներին պետք է պատրաստ լինել»:

Այս մասին այսօր Արցախի Ազգային ժողովի նիստում ասել է նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա նաև նկատել է, որ պետք է հասկանալ՝ կան խնդիրներ, զրկանքներ, պրոբլեմներ, բայց դրանք հաղթահարելի են:

 

«Մենք ավելի ծանր ժամանակներ ենք անցել ու հաղթահարել, կախված է, թե ինչպիսին կլինի մեր դիմադրողականության աստիճանը: Խուճապ առաջացնողների խմբին եմ դասում նրանց, ովքեր «Կոկա-Կոլա»-ն են բարձր գնահատում, դա է իրենց քննարկման առարկան՝ իշխանությանը գնահատական տալու առումով: Տարբեր բաներ են ասում՝ էս ապրանքը քիչ ա, էն ապրանքը շատ ա: Մեկ ա, ինչքան ապրանք բերենք, 10 օր՝ ավելի, 20 օր՝ պակաս: Ընկերներ, սա 10 օրվա, 20 օրվա, 2 ամսվա պայքար չէ, մենք պետք է պահի լրջությունը գնահատենք: Կարող է մի ապրանքատեսակ մի քիչ բավարար չենք կուտակել, բայց բավարար աշխատանք է կատարվել, որպեսզի երկիրը սովի չմատնվի: Մենք ահռելի պաշարներ ունենք, մեր տեղական արտադրանքը թույլ է տալու երկարաժամկետ պայքար տանել և չենթարկվել այդ ճնշումներին»,- ասել է Հարությունյանը:  

 

Արցախի նախագահը նշել է, որ Բաքուն մի թեմա է քննարկում՝ ինտեգրացիայի թեման: 

 

«Փորձել եմ երկու տարի, եթե որևէ մեկը գտնում է, որ ես վատ բանակցող եմ եղել, վերջի փուլում ես չեմ բանակցել: Այդ բանակցությունները արդյունք չեն տալիս, որովհետև գալիս ասում է՝ էս է մեր օրակարգը: Ադրբեջանը մեզ ասում է՝ սեղանի շուրջ նստելու համար առաջին պայմանը Պաշտպանության բանակի լուծարումն է: Պիտի լուծարենք, հետո գնանք հանդիպման: Բաց եմ ասում՝ գնում ենք հայտարարում, որ բանակը լուծարում ենք, պետական կառավարման համակարգը լուծարում, որից հետո գազը կտան, հոսանքը կտան և ճանապարհով կթողնեն որպես Ադրբեջանի քաղաքացիներ գնալ-գալ»,-նշել է Արցախի ղեկավարը:

Քաղաքականություն

Պատահարներ